Логотип

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր՝ Մանվել Շահվերդյանի նախագահությամբ մեկնարկեցին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական գործով դատալսումները։

Այս պահին դատավարության կողմերը ծանոթանում են փոդքասթից հատվածների, որոնց ընթացքում հեղինակները, ըստ մեղադրանքի, հնչեցրել են օրենքի հետ խնդիր ունեցող հայտարարություններ։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ հարուցվել է քրեական վարույթ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Վազգեն Արեմնի Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Բագրատի Սամսոնյանի հետ խմբի կազմում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, 2025 թվականի հոկտեմբերի 4-ին և նոյեմբերի 8-ին, ինտերնետային բաց հարթակ՝ «Facebook.com» սոցիալական կայքի իր օգտահաշվում և ինտերնետային բաց հարթակ՝ «Youtube.com» կայքում «Antifake TV» անվամբ գրանցված օգտատիրոջ կողմից տեղադրված «Իմնեմնիմի» հաղորդաշարի (podcast) ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության, բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, կատարել է խուլիգանություններ, որոնք դրսևորվել են դիտավորությամբ անձանց ստորացնելով, հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով:

Սամսոնյանի ու Սաղաթելյանի պաշտպանները սա որակում են քաղաքական հետապնդում, խոսքի ազատության սահմանափակում։ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված վարչական վերահսկողությունը, Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ՝ տնային կալանքը։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են 2025 թ. նոյեմբերի 13-ին։ 2026 թ. հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել է նրանց կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։ 15 օր հացադուլի մեջ գտնվեուց հետո Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի փետրվարի 19-ին որոշմամբ։

Panorama.am