Եվրամիությունը միջոցառումների փաթեթ է նախապատրաստում` անդամ երկրների միջև ավիացիոն վառելիքի բաշխման օպտիմալացման և մատակարարման այլընտրանքային աղբյուրների որոնման նպատակով։ Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը համապատասխան առաջարկները կներկայացնի ապրիլի 22-ին։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին։
Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն ներմուծում է սպառվող ավիավառելիքի մոտ 40 տոկոսը, ընդ որում՝ մատակարարումների մոտ կեսն անցնում է Հորմուզի նեղուցով։
Ինչպես ավելի վաղ նշել էր պարբերականը, Եվրամիությունում ավիացիոն կերոսինի պաշարները կբավականացնեն մինչև ապրիլի վերջ, սակայն դրանից հետո հնարավոր է` պակասուրդ լինի, եթե Հորմուզի նեղուցը չվերսկսի աշխատանքը։ Մասնավորապես նիդեռլանդական KLM ավիաընկերությունը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ կարող է չեղարկել մինչև 80 չվերթ Ամստերդամից և հակառակ ուղղությամբ։
Փաստաթղթի նախագծով նախատեսված են նաև միջոցառումներ ավիափոխադրումների կրճատման դեպքերի համար և վառելիքի սպառման նվազեցմանն ուղղված այլ քայլեր։ Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մասնագիտացված կենտրոն՝ ներմուծման այլընտրանքային աղբյուրներ գտնելու և սեփական արտադրությունն ընդլայնելու համար, այդ թվում՝ կենսավառելիքի զարգացման հաշվին։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:
ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսեցին շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները։
Sputnik Արմենիա
