Логотип

Լավրով․ ՀԱՊԿ-ը կարող է դառնալ նոր անվտանգության ճարտարապետության հենասյուներից մեկը

Ռուսաստանի բարոյական առաջնորդությունը ներկայիս ճգնաժամի ավարտից հետո միջազգային ասպարեզում ավելի պահանջված կլինի, քան երբևէ։ Այս մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ռուական ТАСС գործակալությունը։

«Ես համոզված եմ, որ մենք պահպանում ենք բարոյական առաջնորդությունը միջազգային ասպարեզում, որը միշտ պահանջված է եղել։ Ներկա ճգնաժամի ավարտից հետո, հուսանք՝ համեմատաբար շուտով, բարոյական առաջնորդությունն ավելի պահանջված կլինի, քան երբևէ։ Այդ հիմքի վրա մենք համատեղ և ակտիվորեն կմասնակցենք Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ապագա ճարտարապետության ուրվագծերի մշակման գործընթացին։ Մենք ՀԱՊԿ-ը դիտարկում ենք որպես մի կառույց, որը կարող է նման անվտանգության ճարտարապետության հենասյուներից մեկը դառնալ»,-նշել է Լավրովը:

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ այն ժամանակ, երբ «Արևմուտքն ավելի ու ավելի է դիմում ուժի անօրինական կիրառմանը, բռնապետության նեոգաղութատիրական մեթոդներին և բացահայտ կողոպուտին», ՀԱՊԿ երկրները միջազգային իրավունքից չեն շեղվի։

Լավրովը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ում գավազանի կարգապահություն գոյություն չունի, «ինչպես մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ում»։

News.am