Երևանում թիվ 8 երթուղու դանակահարված վարորդն արդեն տանն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ ուշ երեկոյան, դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Վարորդը տեղափոխվել էր հիվանդանոց։
«Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա արդեն տանն է։ Այսինքն՝ տևական բժշկական հսկողության տակ լինելու անհրաժեշտություն չի եղել, ինչն իրականում չի չեղարկում այն փաստը, որ սա շատ զարհուրելի ու անընդունելի դեպք է եղել»,– ասաց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետն անդրադարձավ նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ավտոբուսների վարորդներին ուղեվճարների հավաքագրման գործընթացում ներգրավելու որոշմանը։ Նա համաձայն չէ այն կարծիքին, որ քաղաքապետի հրահանգից հետո ուղևորների և վարորդների միջև վեճերը շատացել են։
«Այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ից ուզեցին և ինձ ուղարկեցին դեպքերի վիճակագրություն։ Դեռ 2025 թվականը չեմ ուզել, բայց հունվարից մինչ օրս ամիս չի եղել, որ ծեծկռտուքի միջադեպ, մասնավորապես վարորդին ծեծի ենթարկելու դեպք չունենանք։ Բա այդ ժամանակ ինչի՞ց էր, այդ ժամանակ դեռ քաղաքապետը չէր հայտարարել ուղեվարձի հավաքագրմանը վարորդների մասնակցության մասին։ Թերհավաքագրումներն աննորմալ թվերի էին հասնում»,– նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ փոփոխություններից հետո քաղաքացիների կողմից ուղեվարձի վճարումներն ավելացել են։
Հիշեցնենք` ապրիլի 6-ին Տիգրան Ավինյանը ավտոբուսների վարորդներին կոչ արեց ներգրավվել ուղեվճարների հավաքագրման գործընթացում։ Նա ընդգծեց, որ հավաքագրման պրոցեսին վարորդների ներգրավվածության բացակայությունն անընդունելի է։ Շեշտեց, թե հավաքագրումից են կախված արտաժամյա վճարումները։
Sputnik Արմենիա
