ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, անուղղակի հաստատել է Սյունիքի մարզի Շիկահողի պետական արգելոցում Ադրբեջանի կողմից ծառերի հատման մասին տեղեկությունը։
Հունվարի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էին ուղղել, թե ինչու իշխանությունները չեն բարձրաձայնում Շիկահողի պետական արգելոցում Ադրբեջանի կողմից ծառերի հատման դեպքերը։
«Ծառերի հատման մասին տեղեկություն երբեք չեմ ստացել: Եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար, մենք դրան չենք կարող որևէ ձևով չարձագանքել: Ես մամուլի ոչ բոլոր հրապարակումներն եմ կարդում: Եթե լինեն մամուլի հրապարակումներ կամ տեղեկություններ, որոնք պատշաճ կլինի, որ վարչապետին զեկուցվի, այդ մասին կզեկուցվի»,- պատասխանել էր Փաշինյանը լրագրողներին:
Նշենք, որ 2021-2022 թվականներին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք, այդ թվում` Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատված` գրավելով Շիկահող արգելոցի մի մասը։
Google Maps-ում հեշտությամբ կարելի է տեսնել ներխուժումից հետո արգելոցում կատարված ինժեներական աշխատանքներն ու անտառահատումները (հատկապես տարբեր տարիների պատկերները համեմատելիս), նոր ճանապարհներն ու ադրբեջանական դիրքերը։

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքը Ներքին Հանդի հատվածում (կարմիրով նշվածը)
Այս կապակցությամբ մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն` հասկանալու համար. 1) ՇՄՆ-ն հետևե՞լ է 2021 թվականից հետո Ադրբեջանի իրականացրած ծառահատումներին, 2) ՇՄՆ-ն որևէ տեղեկություն չի՞ ստացել արգելոցի աշխատողներից, Ներքին Հանդի գյուղացիներից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Սոսու պուրակ» արգելավայրի աշխատողներից, Սյունիքի մարզպետարանից և այլ կառույցներից, 3)Եթե նախարարությունը ստացել կամ վերլուծել է իրավիճակը, ապա ի՞նչ տվյալներ կան ծառահատման ծավալների մասին: 4) Ծառահատումների մասին տվյալները չե՞ն փոխանցվել Նիկոլ Փաշինյանին:
Հարցերին պատասխանելու համար նախարարությունը հավելյալ ժամանակ էր խնդրել։ Գրավոր պատասխանը ստացանք հարցումից 1.5 ամիս անց։
«Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատվածներում գտնվող անտառային էկոհամակարգերը 2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքում կրել են որոշակի վնասներ, ինչը 2021 թվականից ի վեր գտնվում է ուշադրության կենտրոնում», – ասված է գերատեսչության պատասխանում։
Նախարարությունը նշել է` սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և հրապարակման աշխատանքների իրականացումը գտնվում է նաև այլ գերատեսչությունների լիազորությունների տիրույթում:
ՇՄՆ–ն պնդում է, որ սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ այդ հատվածներում առկա էկոհամակարգերի կրած վնասների ամբողջական գնահատումը հնարավոր կլինի իրականացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից հետո:
Նախարարությունը նաև նշել է, որ համագործակցելով համապատասխան գերատեսչությունների հետ շարունակվում է իրականացվել ծառահատումների հետ կապված իրավիճակի մշտադիտարկում և տվյալների հավաքագրում:
Հարցին, թե ինչու ծառահատումների մասին տվյալները չեն փոխանցվել Նիկոլ Փաշինյանին, նախարարությունը չի պատասխանել։
«Շիկահող» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թ-ին Կապանի անտառտնտեսության հիման վրա` Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա գտնվող լայնատերև անտառների յուրահատուկ ֆլորան և ֆաունան պահպանելու, ուսումնասիրելու և վերականգնելու նպատակով: Պահպանության հիմնական օբյեկտները լայնատերև (կաղնու, բոխու) անտառներն են, յուրահատուկ բուսական համակեցությունները (կենու, արևելյան սոսու և արևելյան հաճարենու պուրակները), դրանց բուսական և կենդանական աշխարհը:
Բուսական աշխարհը հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները: Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է։ Այնտեղ տարածված են արևելյան հաճարենին, արևելյան սոսին: Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենիներ, արևելյան խնձորենիներ, հունական վայրի ընկուզենիներ և այլն:
