Եվրամիությունը նախնական 2 տարով քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` ողջունելով ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը։
ԱԳՆ–ից նշում են, որ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա։
«Այս որոշումը մայիսի 5–ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է»,– ասված է հայտարարության մեջ:
Ըստ ՀՀ արտաքին գերատեսչության` նոր քաղաքացիական առաքելությունը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիության երկրների դեսպաններն ապրիլի 15–ին Բրյուսելում ընդունել են Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում, որն առաջիկայում կհաստատվի ԵՄ արտգործնախարարների նիստում։ Այդ քաղաքացիական առաքելությունը պետք է «ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին»։
Sputnik Արմենիա
