Логотип

Ստեփանակերտում ոչնչացվել է գլխավոր եկեղեցին. Բա մի հատ ծպտուն չեք հանո՞ւմ. Մարուքյանը՝ իշխանությանը

Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին ոչնչացվել, հողին է հավասարացվել, օրեր առաջ էլ քանդել էին մեկ այլ եկեղեցի։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ համեմատական տանել, որ իսրայելցի զինվորը Լիբանանի տարածքում Հիսուս Քրիստոսի արձանը ջարդում էր և լուսանկարը տարածվեց, ամբողջ քրիստոնյա աշխարհը դատապարտեց, Իսրայելի վարչապետը խոսեց դրա մասին՝ ափսոսանք հայտնելով, դատապարտելով, Իսրայելի բազմաթիվ պաշտոնատար անձինք, քրիստոնյա աշխարհը, բազմաթիվ քրիստոնեական կազմակերպություններ։ Եվ հիմա հայկական մշակույթի, քրիստոնեական մշակույթի, առաջին քրիստոնյա ազգի մշակույթի ոչնչացման վերաբերյալ հայկական պետականության ԱԳ նախարարությունը, վարչապետի աշխատակազմը, նախագահի աշխատակազմը, Անվտանգության խորհուրդը, քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք բանը ժպիտներով գնում են Բաքու, հանդիպումներ են անում, այստեղ են հրավիրում Ադրբեջանի ԿԳԲ-ի ներկայացուցիչներին, որպես քաղհասարակության ներկայացուցիչներ, այստեղ են ժպիտներով հանդիպումներ անում, ծպտուն չկա, ոչ մեկ ծպտուն չի անում։

Մենք ո՞վ ենք դառել, ընդհանրապես մենք էս ովքե՞ր ենք։ Այսինքն, մեր պետական որևէ ինստիտուտ չի դատապարտելո՞ւ սա։ Հիշու՞մ եք Ստեփանակերտի այդ մեծ եկեղեցին, հողին են հավասարացրել, ինչ կա, սաղ քանդում են, հողին են հավասարացնում, ու դուք հավատում եք նախաստորագրված խաղաղության այս փաստաթղթի՞ն։

Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները, այն մարդիկ, որոնք պատասխանատու են այսօր այդ հայտարարությունը անելու, դատապարտելու, աշխարհին տեղեկացնելու, ՅՈՒՆԵՍԿՕ–ին դիմելու, դուք ուղղակի ամոթ չունեք։ Անվտանգության խորհրդի քարտուղարը հեղափոխության մասին գիրք է գրել, գնում է Հունաստան ինչ-որ կոնֆերանսի, Հիքմեթ Հաջիևի հետ այնտեղ ինչ-որ բան քննարկելու, դուք ո՞վ եք, էս ի՞նչ եք դառել դուք, ձեն չեք հանելո՞ւ ոչ մի բան չեք ասելո՞ւ դուք։

Հունիսի 7–ին մենք բոլորս հնարավորություն ունենք այս ամեն ինչը կանգնեցնելու, եթե չէ, հայկական քրիստոնեական մշակույթի ոչնչացումը շարունակվելու է այսօրվա Հայաստանի, իրական Հայաստանի տարածքում, որովհետև այսօր ծպտուն չենք անում այն ամեն ինչի վերաբերյալ, որ տեղի է ունենում, որպես հայ, որպես մարդ, որպես քրիստոնյա, որպես պետություն»։

News.am