Логотип

Հ1-ն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից եթերը կրճատել է մինչև 4 ժամ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ապրիլի 24-ին կրճատելու է Ծիծեռնակաբերդից իրականացվող հեռարձակման ժամանակը՝ սահմանափակելով այն չորս ժամով, ինչի մասին վկայում է կայքում հրապարակված հեռուստածրագիրը։

Եթե նախկին տարիներին ուղիղ եթերը շարունակվում էր մինչև ուշ երեկո, ապա այս տարվա հեռուստածրագրի համաձայն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը կցուցադրվի միայն ժամը 09:00-ից 13:00-ն ընկած հատվածում։

13։00-ից հետո այլ ծրագրեր են նախատեսված, այդ թվում՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, դասական համերգ։

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։

Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ են վարում։ Միաժամանակ, 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման աստիճանաբար կորցրել է իր դիվանագիտական առաջնահերթությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի ապրիլին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վերջնականապես հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։

Armenia Today