Արցախցիները դիմում են ՄԻԵԴ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարություն է հրապարակել «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ–ն։
«Բռնի տեղահանման արդյունքում հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից, խախտվել է արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը, այդ թվում իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքից, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1–ին արձանագրության 1-ին հոդվածում»,– ասված է հայտարարույթյան մեջ։
Այս համատեքստում, ըստ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի», հատկապես կարևոր է ոչ միայն անհատական իրավունքների պաշտպանությունը, այլև արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի ճանաչումն ու իրացման հնարավորության ստեղծումը, քանի որ խոսքը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի՝ պատմական հայրենիք վերադառնալու իրավունքին։
Կենտրոնից հիշեցրել են, որ ներկայումս տուժած անձինք չունեն ներպետական արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ, քանի որ իրավախախտող կողմը հանդիսանում է Ադրբեջանը։ Այս պայմաններում միակ արդյունավետ իրավական ճանապարհը մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործիքակազմի կիրառումը։
Գործընթացի շրջանակում բռնի տեղահանված արցախցինեը ներկայացնում են Արցախում իրենց բնակվելու վայրի, համապատասխան գույքի սեփականության և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ՄԻԵԴ անհատական գանգատի պատրաստման համար։
«Յուրաքանչյուր գանգատ ներառում է նաև անհատական պատմություններ սեփականության կորստի, տեղահանման հանգամանքների, ինչպես նաև Արցախի շրջափակման ընթացքում ստեղծված ծանր ու անմարդկային պայմանների մասին։ Պատմությունները ձևավորում են հավաքական տեղահանման և վերադարձի իրավունքի խախտման ամբողջական պատկերը»,– տեղեկացրել են կենտրոնից։
Հաճախ արցախցիների գանգատներին կից ներկայացվում են նաև սեփականության լուսանկարները և այլ մեդիա նյութեր, որոնք պատկերում են տուժածների անձնական կյանքը մինչև բռնի տեղահանումը։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ–ի տվյալներով` առաջին գանգատները դատարան են ներկայացվել 2024 թ․ վերջին, իսկ 2025թ․ գործընթացն ավելի լայն ընդգրկում է ստացել։ 2026թ ապրիլի դրությամբ ավելի քան 1000 անձի շահերը ներկայացվել են՝ շուրջ 500-ից ավելի գանգատների միջոցով։
Ի դեպ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» ստեղծումից ի վեր արձանագրել և բարձրաձայնել է այն խախտումները, որոնց բախվել են արցախցիները 2020թ․ 44–օրյա պատերազմի և 2023թ․ իրադարձությունների հետևանքով։
Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ այս տարվա մարտի 20–ի դրությամբ ԼՂ–ից բռնի տեղահանվածներից ՀՀ քաղաքացիություն է ստացել 34 576 անձ, մերժման դեպքերը զրո են։ Ըստ նրա` եթե 2025 թ. 1–ին կիսամյակում ՆԳՆ–ն ստացել է ՀՀ քաղաքացիություն ստանալու շուրջ 4000 դիմում, ապա 2026 թ. առաջին երկու կես ամսվա տվյալներով այս թիվը հասել է 5000–ի։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik Արմենիա
