Հայաստանի իշխանությունների նախընտրական ծրագիրը Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ Սահմանադրության խախտում է։ Այս մասին ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարում հայտարարել է քաղաքական ուժի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Ըստ Սահմանադրության՝ Եկեղեցին անջատ է պետությունից, և ոչ մի քաղաքական ուժ Եկեղեցու գործերին միջամտելու իրավունք չունի։ Միևնույն ժամանակ, եկեղեցական գործիչներն իրավունք ունեն քննադատել պետության գործողությունները, եթե դրանք հակասում են ազգային շահերին։
Պետք է հարգել եկեղեցին, պահպանել պետությունից նրա անջատ լինելու սկզբունքը և լսել եկեղեցու քննադատությունը։ Մեր ուժի հաղթանակից հետո «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կվերադառնա դպրոցական ծրագիր»,- հավելել է Կարապետյանը։
Նա հայտնել է նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, իշխանության գալուց հետո, կօգնի արցախահայերին հաստատվել Հայաստանում և պահպանել մշակութային ընդհանրությունը։
«Երևանում պետք է կառուցվի թաղամաս, որտեղ մեծամասամբ կապրեն արցախահայերը, որպեսզի պահպանեն իրենց բարբառը, մշակույթն ու սովորույթները։ Մենք պետք է վստահ լինենք, որ նրանց վերադարձն Արցախ կլինի անվտանգ, և որ նրանց իրավունքները կհարգվեն։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք գտնվեն գերու կարգավիճակում։
Երբ վստահ լինենք, որ նրանց կյանքն Արցախում անվտանգ կլինի, մենք կգնանք նրանց՝ Արցախ վերադարձի ճանապարհով»,- նշել է Կարապետյանը։
News.am
