Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երկարաձգեց 2 ամսով։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարեց դատախազի միջնորդությունը։
«Այս պահին գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, և նախորդիվ դատարանի կողմից արձանագրված հիմքերն ու պայմանները չեն վերացել ու փոփոխվել։ Այսինքն` այլընտրանքային խափանման միջոցներն իրավաչափ չեն»,– ասաց Ֆարխոյանը։
Հանրային մեղադրողը միջնորդել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգել ևս երեք ամսով։ Դատախազի միջնորդությունն ուղեկցվեց ակցիայով. դահլիճում բարձրացվեցին «Դարձե՛ք մեզնից մեկը», «Ես 19-րդ արդարն եմ», «Ես 750-րդ արդարն եմ» և նմանատիպ այլ թվերով, ինչպես նաև «Ազատություն սրբազանին» գրառմամբ պաստառներ։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց, թե չեն վերացել կամ առնվազն չեն փոփոխվել սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքերը։
«Բագրատ Գալստանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ազդեցություն ունենալու տեսանկյունից»,– ասաց Հովհաննիսյանը։
Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը նախ հիշեցրեց, որ դատախազությունը մինչ օրս չի ներկայացրել օպերատիվ տվյալներ, որոնց հիման վրա Բագրատ Գալստանյանը գաղտնալսվել է։
«Մեղադրական եզրակացությունում քրեական վարույթը նախաձեռնելու առիթը և հիմքը չկար։ Այո՛, որևէ ձևակերպում, որը կվկայեր իշխանությունը զավթելու նախապատրաստության մասին»,– նշեց Սողոյանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 30-ին` ժամը 15։00–ին։
Նշենք, որ սրբազանի կալանքը երկարաձգվել էր 2026 թվականի փետրվարի 19–ին` 2 ամսով։
Sputnik Արմենիա
