44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը իրական չէ, և 8 հոգանոց ՔՊ-ական անձնակազմը չէր կարող տալ անաչառ գնահատական։ Այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը այդ զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի մոտ եկած անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատների հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներն այդ զեկույցը քննարկելու համար ԱԺ–ից դահլիճ էին պահանջել ու քննարկմանը մասնակցելու հրավեր ուղարկել ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին։ Սրահ տրամադրվել է, բայց փոքր, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէ տեղավորել 190 հոգանոց խմբին։ Նրանք հայտարարեցին, որ մտադիր չեն ընդունել ԱԺ-ի թելադրած պայմանները և իրենց քննարկումը կկազմակերպեն հենց փողոցում։ Խորհրդարանի դիմաց անհետ կորածների հարազատների հետ հանդիպելու եկել են միայն ընդդիմության ներկայացուցիչները։
«Քննիչ հանձնաժողովներ ստեղծվում են հանրային մեծ հետաքրքրություն պահանջող երևույթների շուրջ։ Իշխանությունները պարտավոր են պատերազմի վերաբերյալ քննարկումներ, ապա համապատասխան հետևություններ անելուց հետո բացել այն՝ հաշվի առնելով գաղտնիության բոլոր տվյալները։ Ժողովրդի համար հետաքրքրություն ներկայացնող հատվածը պետք է ներկայացվի հանրությանը։ Ի սկզբանե քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ կասկածներ ենք ունեցել։ Այս քննիչ հանձնաժողովը, գտնվելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ենթակայության տալ, չէր կարող արդարացի որոշում ընդունել։ Այդ զեկույցը զեկույց չէ, մանավանդ որ նույնիսկ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական անդամներից ոչ բոլորն են ծանոթացել ու մասնակցել քվեարկությանը»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է, հանձնաժողովի իրավական և նաև ընթացակարգերի խախտման հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Օհանյանը շեշտեց՝ այն պատասխանը, որ ԱԺ ղեկավարությունն այսօր տվել է իրենց, խոսում է հասարակության նկատմամբ վերաբերմունքի մասին։ Նա վստահեցրեց, որ 8 ՔՊ-ականից բաղկացած քննիչ հանձնաժողովը չէր կարող իրենց պարտականությունների կատարմանը զուգահեռ, համապարփակ և համակողմանի գնահատական տալ ու այդ ամենը ներկայացնել հանրությանը։
Քաղաքական գործիչը հայտնեց, որ իրենք չեն մասնակցել այն հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի չլեգիտիմացնեն ՔՊ-ականների այն գործունեությանը, որը լիարժեք գնահատական չի տալու պատերազմում տեղի ունեցածին։
Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետի խախտման պատճառով չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բայց կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ զեկույցը չի հանրայնացվի. Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին, որտեղ պահվում են գաղտնի փաստաթղթերը:
44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները ժամանակ առ ժամանակ ակցիաներ են անում` պահանջելով հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։
Sputnik Արմենիա
