Логотип

Իշխանությունները ՀԱԵ-ի դեմ նոր ծրագիր են մշակել

«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է` Եկեղեցու դեմ արշավում կարծես թայմ աուտ է վերցրել` մինչև ընտրությունների ավարտը, սակայն, մեր տեղեկություններով, Եկեղեցին քանդելու ծրագիրն անշեղորեն առաջ են տանում:

Կառավարական աղբյուրից տեղեկացանք, որ հաջորդ քայլը լինելու է ՀԱԵ ֆինանսական հիմքերին հարվածելը: Եվ դա անելու են ոչ թե ՀՀ տարածքում, այլ՝ արտերկրում: Ուզում են աշխարհով մեկ սփռված ՀԱԵ թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի` տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների ու հաշիվների դեմ իրավական գործընթացներ սկսել:

Այդ նպատակի համար որոշել են օգտագործել սփյուռքում ապրող իրենց հավատարիմ մարդկանց: Այժմ տեղեկատվություն հավաքելու փուլն է` տարբեր երկրների իրավապահների աջակցությամբ ապացույցներ են հավաքում այդ գույքի և ընկերությունների ծագման «անօրինականության» վերաբերյալ, փորձելու են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող հայերի միջոցով քրեական վարույթներ հարուցել, քաղհայցեր տանել դատարաններ:

Դրանով նախ արտերկրում գտնվող Հայ առաքելական եկեղեցու թեմերի աշխատանքը կաթվածահար կանեն և մեծ ռեսուրսներ կխլեն` փաստաբանական և այլ ծառայությունների հետ կապված: Բարձր վարձատրություն և այլ արտոնություններ են խոստանում այն անձանց, ովքեր կմասնակցեն փաշինյանական այս ծրագրի իրականացմանը:

Մեր աղբյուրը պատմում է, որ հետախուզական այս փուլի աշխատանքները համակարգում է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը` Թուրքիայի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունների հետ համագործակցությամբ: Ծրագրի մեջ ներգրավված են ծառայությունների ղեկավարների տեղակալները` Արման Բոշյանը, Մութալու Տոկայը և Զաուր Իսմայիլովը:

Verelq.am