Սա բավականին կարևոր իրադարձություն է։ Հայաստանի համար չափազանց կարևոր ընտրությունների էլեկտորալ գործընթացի մեկնարկը հաստատապես տրված է»։ Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Հայտարարությունը հնչել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ այն բանից հետո, երբ դաշինքը հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք փարատվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը մերժելու հնարավոր մտավախությունները՝ քաղաքական գործիչը նշել է. «Իրավական առումով ունեմ և ունենք զրո մտահոգություն։ Ինչի՞ համար։ Քանի որ իրավական, օրենսդրական որևէ մի գործիքակազմ չկա խոչընդոտ առաջացնելու համար։ Կարող ենք հայտնել նաև, որ գործընկերների հետ միասին ուսումնասիրել ենք նաև բոլոր փաստաթղթերը՝ նախքան դրանց ներկայացումը»։
Վարդևանյանն ընդգծել է նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն իր գործունեությունն իրականացնում է բացառապես գործող օրենսդրության շրջանակներում։
News.am
