Логотип

Պարտվեցին ընտրություններում, բայց աշխատանքի անցան ՀԷԾ-ում. Ռոմանոսը բացատրում է սկանդալային նշանակումները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից ազատվել են այն աշխատակիցները, որոնք ուղիղ կամ անուղղակիորեն ներգրավված են եղել ֆինանսատնտեսական մեքենայությունների առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող հանգամանքների ու փաստերի մեջ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով հարցին, որ դատական որոշումներով հօգուտ ազատված աշխատակիցների բռնագանձման ենթակա գումարները հասնում են հարյուրավոր միլիոն դրամների։

«Բայց ուզում եմ նաև արձանագրեք, որ աշխատանքի վերականգնման մասով որևէ վճիռ այս պահին չունենք։ Իսկ առաջին ատյանի վճիռները, որոնք փոխհատուցման հետ են կապված, մենք բոլորը բողոքարկել ենք վերաքննիչ ատյաններում»,– ասաց նա։

Պետրոսյանը պնդեց, որ աշխատանքից ազատվել են այն մարդիկ, որոնք կոմպետենտ չեն եղել այդ պաշտոններում և առնվազն իր և իր թիմի վստահությունը չեն վայելել։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանձին անդամներ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվելուց հետո հետագայում պաշտոններ ստացել ՀԷՑ–ում, Պետրոսյանը պատասխանեց` նրանք ունենք կառավարչական փորձ, նրանց հանդեպ կա վստահություն, և ոչինչ չէր խանգարում նրանց նշանակել համապատասխան պաշտոններում։

Նշենք, որ Գյումրու քաղաքապետի նախկին պաշտոնակատար Սարիկ Մինասյանը գլխավորում ՀԷՑ-ի Շիրակի մասնաճյուղը, իսկ Փարաքարում պարտված Լյուդվիգ Գյուլնազարյանը նշանակվել է ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն։

«Հիմա պատասխանատու կերպով ասեմ , որ տեխնիկական տնօրինությունը՝ սկսած տնօրենից, գլխավոր տեխնիկական տնօրենից, իր տեղակալներից և մինչև իսկ մասնաճյուղերի ու մի քանի տասնյակ էլեկտրացանցերի գլխավոր ինժեներներից, 90%-ով նույն կադրերն են մնացել։ Նրանք այն մարդիկ են, որոնք ժամանակին նշանակվել են կա՛մ սեփականատիրոջ կողմից, կա՛մ նույնիսկ աշխատել են նախկին շրջանում՝ մինչև «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ձեռքբերումը»,– ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը։

Sputnik Արմենիա