Логотип

Արամ Վարդևանյան․ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչո՞ւ ՔՊ-ի որևէ անդամի վերաբերյալ մի ձայնագրություն չի հրապարակում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ էլ լինում են անձինք, որոնք իրավունքի հետ կապված խնդիրներ են ունենում, բա դրա վերաբերյալ ինչի՞ մի ձայնագրություն չի լինում։ Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանը լրագրողների հետ հանդիպել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո։

«Հակակոռուպցիոն կոմիտեն ինչո՞ւ ՔՊ-ի որևէ անդամի վերաբերյալ մի ձայնագրություն չի հրապարակում», – հարց է տվել Վարդևանյանը։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ ընդդիմադիր ուժերի գաղտնալսման վրա նման աստիճանի կենտրոնացումը կարելի է որոշակիորեն համարել թուլության նշան։

Նա նաև նշել է, որ հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են, և դրանց բովանդակությանը պետք է վերաբերվել մեծ վերապահումով։

News.am