Логотип

ՌՀՄ-ում վրդովված են Ադրբեջանի կողմից Արցախում հայկական ժառանգության ոչնչացումից

Ռուսաստանի հայերի միությունում վրդովված են Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական և պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմամբ:

Կազմակերպությունն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին Ստեփանակերտի երկու եկեղեցիների՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը շատ հատկանշական է:

«Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում նախագահ Իլհամ Ալիևը, նախկինում չեն թաքցրել տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգության աղճատման կամ ոչնչացման հետ կապված մտադրությունները», – ասվում է հայտարարության մեջ:

Ավելին, այս ամենն ուղեկցվել է ադրբեջանական լրատվամիջոցների համապատասխան հռետորաբանությամբ։ Ադրբեջանական փաստարկները, թե իբր մի շարք հուշարձաններ կառուցվել են «առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցման»՝ միությունը համարում է որևէ քննադատության չդիմացող:

«Տրամաբանական է հարցնել՝ իսկ ո՞ւմ հետ հայերը պետք է համաձայնեցնեին այնպիսի գլուխգործոցների կառուցումը, ինչպիսիք են Գանձասարի (XIII դար) և Դադիվանքի (IX–XIII դար) վանքերը, մ. թ. ա. 1-ին դարում հիմնադրված Տիգրանակերտ հնավայրը և նրա տարածքում գտնվող Վանքասար եկեղեցին (VII դար), Ծիծեռնավանքը (IV–VI դարեր), Օխտը Դռնի վանքը (VI դար), Գտչավանքը (XIII դար), Ամարասի վանքը (IV դար), Ղազանչեցոցը (XIX դար) և ավելի քան հինգ հարյուր այլ՝ քրիստոնեական ճարտարապետության հուշարձաններ, որոնք կառուցվել են հայերի կողմից իրենց պատմական հողերում՝ աշխարհի քարտեզի վրա Ադրբեջանի հայտնվելուց հազար տարի առաջ, ա՛յն Ադրբեջանի, որը պահանջում է «համաձայնեցնել» տաճարների, հուշարձանների կառուցումը այն հողերի վրա, որոնց որևէ առնչություն չի ունեցել», – նշված է հայտարարության մեջ։

Ռուսաստանի հայերի միությունը նաև քննադատել է ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։ Կազմակերպությունում համոզված են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է Ստեփանակերտի ավերված հայկական եկեղեցիների մասին ուղիղ հարցերին պատասխանելուց, ինչով փաստորեն աջակցում է Ալիևին և ազատություն տալիս նրա հետագա ցեղասպան քաղաքականության վարմանը:

Sputnik Արմենիա