Логотип

ՀՀ իշխանությունները 321 մլն դրամ են հատկացրել քաղավիացիայի կոմիտեի բարեփոխման համար

Հայաստանի իշխանությունները ավելի քան 320 մլն դրամ են հատկացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության ապրիլի 23-ի նիստում։

Մասնավորապես, նախատեսվում է վերակազմավորել կոմիտեն՝ աշխատանքի որակը բարձրացնելու, 2024-2025 թվականներին միջազգային կառույցների արձանագրած թերությունները վերացնելու, ինչպես նաև ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Այս նպատակով Կառավարությունը կհատկացնի 321 մլն դրամ, որն ուղղվելու է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ՔԱՄԿ) բարձրակարգ մասնագետներ ներգրավելուն։

Փաստաթղթում նշվում է, որ 2024 թվականին ՔԱՄԿ-ի իրականացրած աուդիտի արդյունքներով ցուցանիշը կազմել է 52,18%, իսկ 2025-ին Եվրամիության փորձագետները հայտնաբերել են շուրջ 58 թերություն։

Ներգրավված մասնագետները կօգնեն ներդնել կառավարման նոր համակարգեր և բարձրացնել տեղի կադրերի որակավորումը։ Բացի այդ, կարգավիճակի փոփոխությունը թույլ կտա կոմիտեին ինքնուրույն տնօրինել սեփական եկամուտները և ներգրավել բարձր վարձատրվող մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրամիությունը հայկական բոլոր ավիաընկերությունները ներառել էր «սև ցուցակում»՝ թռիչքների անվտանգության վերահսկողության հետ կապված խնդիրների պատճառով։ Դրա հետևանքով փոխադրողները զրկվել էին դեպի ԵՄ չվերթներ իրականացնելու իրավունքից։ Նրանք մինչ օրս շարունակում են մնալ այդ ցուցակում։ 2025 թվականին Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով հանել երկիրը հիշյալ ցուցակից։

News.am