Логотип

Արփինե Սարգսյան․ 16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի

16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

«Միայն նույնականացման քարտ ունենալու պարագայում անձը կկարողանա ունենալ կենսաչափական անձնագիր»,– ասաց նա։

Նախարարը նշեց, որ 6–16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն։ Ինչ վերաբերում է մինչև 6 տարեկան անձանց, ապա որպես անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։

Սարգսյանն ավելացրեց, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը թվայնացվելու են։

«Այդ իսկ պատճառով նույնականացման քարտերը կիրառվելու են ներպետական ընթացակարգերում, իսկ անձնագրերը դիտարկվելու են որպես ճամփորդական փաստաթղթեր»,– նշեց նախարարը։

Սարգսյանի խոսքով` աշնանը Հայաստանում ներդրվող նոր կենսաչափական անձնագրերը կարևոր դեր են խաղալու նաև վիզաների ազատականացման գործում։

Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը անհետաձգելի ռեժիմով ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։

Sputnik Արմենիա