Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, հարակի խաչքարերն ու կոթողները, ինչպես նաև Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։
Այդ մասին նշված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը դրանք որակել է որպես անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող՝ Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։ Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Մայր աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։
Մայր աթոռից նաև տարածաշրջանում շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ են անում միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում։
Ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավերել է Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը Ստեփանակերտում: Զվարթնոցի տեսքով Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը հիմնադրվել է 2006 թվականին, օծվել՝ 2019 թվականին։
Ապրիլի 12-ին էլ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին:
Sputnik Արմենիա
