ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում ՀՀ սահմանապահ կառույցի ներկայացուցիչներն այցելել են ԱՄՆ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։
«ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղան մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո)։ Առիթ ունեցան տեսնել Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև այցելեցին ԱՄՆ սահմանային պարեկների ակադեմիա»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հայ սահմանապահները հանդիպել են Պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին և քննարկել ընթացիկ համագործակցությունը։
Sputnik Արմենիա
