Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Աթենքում ընթացող Ծովային անվտանգության 3-րդ միջազգային համաժողովում հանդես է եկել Թուրքիային ուղղված կոշտ հայտարարություններով՝ ներկայացնելով Էգեյան ծովի պաշտպանության նոր ռազմավարությունը և զինված ուժերի արդիականացման «Օրակարգ-2030» ծրագիրը: Դրա մասին հայտնում է հունական Parapolitika գործակալությունը:
Համաժողովի ժամանակ Դենդիասը հայտարարել է, որ Հունաստանը մտադիր է զգալիորեն ուժեղացնել զսպման կարողությունները և անցնել հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված պաշտպանության նոր մոդելի:
«Մենք պաշտպանելու ենք Էգեյան ծովը շատ ավելի լավ, քան մինչ այժմ, սակայն շատ ավելի բարդ եղանակով»,- ընդգծել է նախարարը: Ըստ նրա՝ խոսքը հրթիռների, անօդաչու վերջրյա սարքերի, ստորջրյա դրոնների և ավելի հավաք ծովային հարթակների կիրառման մասին է:
Դենդիասը հասկացնել է տվել նաև, որ Աթենքը պատրաստ է կոշտ արձագանքել տարածաշրջանում Թուրքիայի ցանկացած գործողության: Ըստ հունական և թուրքական լրատվամիջոցների՝ նախարարը նախազգուշացրել է, որ թուրքական ցանկացած «ներխուժման» կամ հունական սահմանների խախտման փորձի դեպքում պատասխանը լինելու է չափազանց ցավոտ՝ շնորհիվ երկրի ընդլայնվող հրթիռային հնարավորությունների:
Միևնույն ժամանակ, Հունաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Աթենքը չպետք է իր ամբողջ արտաքին և պաշտպանական քաղաքականությունը կառուցի բացառապես Թուրքիայի շուրջ:
«Թուրքիան մեր գլխավոր խնդիրը չէ և չպետք է դառնա: Մենք պարզապես պետք է բավականաչափ ուժեղ լինենք մեր հարևանից բխող ցանկացած սպառնալիք զսպելու համար»,- ասել է Դենդիասը:
Պաշտպանական նոր հայեցակարգի առանցքային տարրը կլինի «Աքիլլեսի վահան» համակարգը՝ բազմամակարդակ պաշտպանական ճարտարապետություն, որն ընդգրկում է ծովը, ցամաքը, օդը, կիբերտարածությունը և տիեզերքը: Դենդիասը հայտնել է, որ Հունաստանն արդեն ուղեծիր է դուրս բերել երկու միկրոարբանյակ և ծրագրում է ստեղծել 13–14 սարքերից բաղկացած արբանյակային խմբավորում՝ ռազմական հետախուզության և տվյալների օպերատիվ վերլուծության համար:
Ըստ նախարարի՝ հունական զինված ուժերն աստիճանաբար անցնում են խոշոր նավերով ավանդական մոդելից դեպի «զսպման խելացի համակարգ», որը հիմնված է անօդաչու տեխնոլոգիաների, արբանյակային դիտարկման և բարձր ճշգրտության սպառազինության վրա: Նա շեշտել է, որ նոր ռազմավարությունը հնարավորություն կտա ապահովել Էգեյան ծովի անվտանգությունը «շատ ավելի տնտեսող և արդյունավետ կերպով, քան անցյալում»:
News.am
