Եվրոպական միությունը կասեցրել է Սերբիային զարգացման ծրագրով նախատեսված բոլոր վճարումները՝ երկրի դատական համակարգում արձանագրված հետընթացի պատճառով։ Այդ մասին Ֆրիբուրգում կայացած համաժողովում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։ «Քանի դեռ սա չի շտկվել, երկիրը չի կարող ստանալ ԵՄ ֆինանսական աջակցությունը», — ընդգծել է նա (մեջբերումն ըստ RTRS-ի)։ Կոսը հավելել է, որ երկիրը չի կարող «միաժամանակ երկու աթոռի վրա նստել», երբ կանգնած է Եվրամիություն մտնելու շեմին։
Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, Politico-ն գրել էր, որ Եվրամիությունը կարող է Սերբիային զրկել մինչև 1,5 մլրդ եվրոյի ֆինանսավորումից՝ ժողովրդավարական գործընթացների հետընթացի և Մոսկվայի հետ սերտ կապերի պատճառով։ «Մեր անհանգստությունն այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Սերբիայում, աճում է՝ սկսած դատական իշխանության անկախությունը խաթարող օրենքներից մինչև ցուցարարների դեմ ճնշումներ և անկախ լրատվամիջոցների գործունեությանը միջամտություն», — այդ ժամանակ հայտարարել էր Կոսը։
Սերբիան ԵՄ անդամ չէ, սակայն 2014 թվականից վարում է անդամակցության բանակցություններ և իրավունք ունի ստանալու դրամաշնորհներ՝ իրավական բարեփոխումներ իրականացնելու համար։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Վուչիչը փորձում է հավասարակշռել եվրաինտեգրման կուրսի միջև (ստանալով ֆինանսավորում Բրյուսելից) և Ռուսաստանի հետ սերտ կապերը պահպանելու միջև, որի դեմ մինչ այժմ պատժամիջոցներ չի սահմանել։ Politico-ի աղբյուրների տվյալներով՝ վերջին շաբաթներին Եվրահանձնաժողովի ներսում փորձեր են արվել կասեցնել Բելգրադին միջոցների հատկացումը։
Բացի այդ, Եվրոպայի՝ Բելգրադից դժգոհության ֆոնին, ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ Սերբիան անձնագիր է տրամադրել Յակուբ Զաքրիևին՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի եղբորորդուն։ Փաստաթուղթը ստացվել էր հատուկ կարգով, որը կիրառվում է բիզնեսի, գիտության, սպորտի կամ արվեստի ոլորտներում աչքի ընկած գործիչների նկատմամբ (ընդ որում՝ երկրում բնակվելը և այլ քաղաքացիությունից հրաժարվելը չեն պահանջվում)։ Թե կոնկրետ ինչ վաստակի համար է Կադիրովի ազգականը արժանացել նման պատվի, պարզ չէ։ Սակայն արդեն հաջորդ օրը՝ ԶԼՄ-ներում բարձրացած աղմուկից հետո, Սերբիայի կառավարությունը չեղարկել է Զաքրիևի քաղաքացիությունը՝ հայտարարելով, որ նա «կարող է դիտարկվել որպես ազգային անվտանգության համար հնարավոր սպառնալիք»։
2021-ից 2024 թվականներին ԵՄ-ն Սերբիային հատկացրել է ավելի քան 586 մլն եվրո՝ անհատույց դրամաշնորհների տեսքով։ 2000 թվականից ի վեր երկիրը Եվրոպայից ստացել է ավելի քան 7 մլրդ եվրո ֆինանսավորման և ներդրումների ձևով, հաղորդել է սերբական կառավարությունը։
News.am
