Վարակման 11 դեպք. մեկ մահ

Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել, ինչն ինքնին լավ լուր է: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ թեստավորվել է 263 քաղաքացի:

Փաշինյանը հավելեց, որ ցավոք ունենք նաև մեկ վատ լուր. «68 տարեկան մեր հայրենակիցն է մահացել, երկկողմանի պոլիսեգմենտալ զուլվող թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետևանք է: Բայց նաև ունեցել է շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ տիպի»:

Փաշինյանի խոսքով, սա շատ լավ լուր է. «Այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան: Բայց մյուս կողմից, ես կարող եմ բերել, օրինակ, ապրիլի 3-ի տվյալները, ըստ որի արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Այսինքն եթե համեմատենք տեմպը, ապա 3 անգամ նվազում ունենք դինամիկայի:

Եթե մեր հույսներն արդարանան, և այդ տեմպի նվազումը հաստատվի, իսկ դա մենք կիմանանք վաղվա, մյուս օրվա տվյալներից հետո, սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաթիվ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունքներ տալ: Եթե այդպես է, նշանակում է, մենք առաջիկա 1 շաբաթվա ընթացքում, եթե ավելի խստորեն պահենք պարետատան սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և սկսենք մտածել բնականոն կյանքի վերադառնալու մասին:

Այս ամենը ասում եմ, որպեսզի նաև իրավունք վերապահեմ ինձ խնդրելու, որ այսօր և առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի նախանձախնդիր փորձենք պահել սահմանափակումները: Եթե այդ սահմանափակումներն իսկապես արդյունք են տալիս, այսօրվա տվյալները հուսադրում են, սա մեզ պետք է ոգևորի, որ ևս մեկ շաբաթ մաքսիմալ խիստ գտնվենք ինքներս մեզ նկատմամբ: Եթե այս դինամիկան լինի, դա կնշանակի, որ մենք համաճարակի ողնաշարը ջարդել ենք»,-ասաց Փաշինյանը, տեղեկացնում է News.am։