Ինչ է կատարվում «Դոմոդեդովոյում»

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այսօր կրկին Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել։ Նրանց մի մասը եկել է Երևանի թռիչքի գրանցումն անցնելու, մյուսները փորձում են դեսպանատան ներկայացուցիչներից ճշտել, թե ինչպես կարող են հայրենիք մեկնել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատեր Մարիամ Հովսեփյանը, որը նույնպես օդանավակայնում է գտնվում։

Ապրիլի 3-ին՝ ուրբաթ օրը, հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման պատճառով մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայում։ Ապրիլի 6-ին «Red wings» ավիաընկերությունը Մոսկվա-Երևան չարտերային չվերթ կիրականացնի, 220 մարդ կկարողանան հայրենիք վերադառնալ։ Այդ չվերթով ժամանող բոլոր ՀՀ քաղաքացիները 14 օր կարանտինի մեջ կլինեն։

«Օդանավակայանում նաև զինվորականներ կան, որոնք, կարծես թե, գրանցում են անցնում սպասվող չվերթով Հայաստան մեկնելու համար։ Օդանավակայանի մյուս մասում մարդիկ կան, որոնց սպասում են երկրոդ չվերթին։ Նրանք արդեն երեք օր է, ինչ այստեղ են, ոմանք անգամ գիշերն են մնում, որպեսզի հնարավորինս շուտ տոմս գնեն»,-նշել է նա։

Հովսեփյանը նաև նշել է, որ այն ՀՀ քաղաքացիները, որոնք գիշերելու տեղ չունեն, դեսպանատան ջանքերով տեղավորվում են հյուրանոցներում։ Բացի այդ, նրա խոսքով, դիվանագիտական առաքելությունն ու Մոսկվայում բնակվող որոշ հայրենակիցներ սնունդ են բերում օդանավակայանում մնացած հայերի համար։

«Հաջորդ թռիչքին սպասողները դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկում են դրա կազմակերպման հնարավորությունը»,-նշում է օգտատերը։

Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ մարդ շրջապատել մի տղամարդու և հարցուփորձ են անում նրան, խոսակցությունը չի լսվում, բայց երբեմն հասնում են նախադասություններ «պետությունն էլ մեղավոր չէ», «կառավարությունը նույնպես մեղավոր չէ»։

Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտնել էր, որ ավելի քանի 800 հայ դիմել են դեսպանատուն՝ խնդրելով օգնել իրենց վերադառնալ հայրենիք։ Նա կարծում է, որ վերադառնալ ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է։ Չարտերային չվերթի մասին հայտարարելուց հետո մի քանի ժամվա ընթացքում դեսպանը մոտ 300 զանգ է ստացել քաղաքացիներից, որոնք ցանկանում էին տոմսեր ձեռք բերել։

Նա պարզաբանել է, որ այն բանից հետո, երբ ՌԴ-ում իշխանությունը արգելել է բոլոր միջազգային թռիչքները, ՀՀ քաղաքացիները զրկվել են նախապես ձեռք բերված տոմսերով հայրենիք վերադառնալու հնարավորությունից։ Ոմանց անգամ տոմսերի գումարը չեն վերադարձրել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցրել է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ կորոնավիրուսի համավարակի պատճառով, տեղեկացնում է Sputnik Armenia։