ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ «ԱՎՏՈՊԻԼՈՏԻՑ»

Պարենային որոշ ապրանքների թանկացումը Հայաստանում հնարավոր է և արդեն նկատելի։ Այդ մասին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Պետք չէ խուճապի մատնվել։ Եթե տեսնում ենք, որ ոսպի և հնդկաձավարի գները պարբերաբար բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրա մյուս փոխարինիչները, որոնք առկա են, հասանելի են»,-ասաց Խաչատրյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. և՛ հնդկաձավարը, և՛ ոսպը մարդու կերակրացանկում, բնականաբար, կարելի է փոխարինել ինչ-որ այլընտրանքային բանով։ Հարցը միայն այն է, որ առանց կառավարության «խելացի» առաջարկությունների էլ մարդիկ ի վիճակի են դա անել։ Իսկ պետական մարմիններից մարդիկ սպասում են ավելի գործուն և պակաս ցինիկ քայլեր ու հայտարարություններ։

Ահավասիկ էկոնոմիկայի նախարարը պնդում է, թե հնդկաձավարի թանկացումը կապված է նրա հետ, որ արդեն երկար ժամանակ դրա գինը աճում է, մասնավորապես՝ Ռուսաստանում, որտեղից ներկրում ենք։ Իբր՝ այստեղ խնդիրը տեղաբնույթ չէ, այլ կապված է արտասահմանյան շուկաների հետ։ Դե լավ, ենթադրենք։ Ասենք թե գլոբալ կորոնավիրուսային պսիխոզի համատեքստում աշխարհում աճել է նաև ոսպի պահանջարկը՝ դրան հաջորդած գնաճով։ Բայց բացարձակ հանելուկ է մնում մեկ այլ հարց. ինչո՞ւ Հայաստանում թանկացավ, օրինակ, ձուն։ Նկատեք, մեր ձվերը համաշխարհային արտադրության հետ կապ ունենալ չեն կարող։ Մեզ մոտ կարգավորված է ոչ միայն տեղական արտադրություն, այլև գործնականում գերարտադրություն։ Դժվար թե հայրենի հավերը նույնպես կարանտինային խոր պարապուրդի են մատնվել և դադարել ածել։

Իսկապես, հակավիրուսային կարանտինի պայմաններում երևանյան խանութներում թանկացել է գործնականում ամեն ինչ։ Ե՛վ տարաշխարհիկ, և՛ տարածաշրջանի համար սովորական մրգերն ու բանջարեղենը, կիտրոնը, շաքարը, կարագը… Ավելի հեշտ է թվարկել այն, ինչին գների էական աճը չի դիպել։ Օրինակ, հացը։ Թեև փաստ չէ, որ գնային հարաբերական կայունությունը հացի շուկայում երկար կտևի։ Եվ այստեղ համատարած գնաճի պայմաններում, ուղիղն ասենք, ընտրության առանձնակի հնարավորություն չի մնում, ինչպես հենց նույն հնդկաձավարի կամ ոսպի փոխարինման պարագայում։

Այո, հնարավոր է, որ այլ պայմաններում իրավիճակը դրամատիկացնելու հարկ չէր լինի։ Ի վերջո առաջին անգամ չէ, որ դիտարկվում է սննդամթերքի գների մասշտաբային աճ։ Եվ հաստատ առաջին անգամ չէ, որ կասկածներ կան համատարած թանկացման հիմնավորվածության վերաբերյալ։ Առաջին անգամ է տեղի ունենում մեկ այլ բան. էական գնաճն արձանագրվում է բնակչության եկամուտների աղետալի անկման խորապատկերին՝ կապված կարանտինային աննախադեպ գործազրկության հետ։ Ըստ էության, շատերն այսօր փող չունեն ընդհանրապես մթերք գնելու համար, առավելևս զգալիորեն թանկացածի։ Եվ այս իրավիճակում, երբ կառավարության ներկայացուցիչը հանդես է գալիս խորհուրդներով, թե առանձին մթերքների համար կարելի է գտնել փոխարինիչներ, դա դիտվում է որպես անթաքույց ծաղր։

Այժմ՝ խուճապի մասին։ Իհարկե, խուճապը բոլորովին լավ բան չի։ Անշուշտ, խուճապի մատնվել չի կարելի ոչ մի պարագայում։ Բայց այժմ արդեն ակնհայտ է, որ վատթարագույնին պատրաստվել այնուամենայնիվ չի խանգարի։ Դեռևս մեկ-երկու շաբաթ առաջ, վիրուսային իրարանցման մեկնարկի պահին, երբ հայ սպառողը նետվեց խանութներ մթերք գնելու, իշխանությունը դարձյալ խորհուրդ էր տալիս չանել դա, խուճապի չմատնվել։ Այժմ պարզվում է, որ առնվազն գնային տեսանկյունից այդ համենայնդեպս կատարվող մեծածախ գնումներն արդարացված էին։ Ողջ կյանքի համար, բնականաբար, պաշարներ չես կուտակի։ Բայց…

Առհասարակ տպավորություն է ստեղծվում, որ պետական մարմինների կարգավորիչ դերի մասին պաշտոնյաները ոչ միայն պարզապես մոռացել են. նրանք այդ մասին ընդհանրապես ոչինչ չեն էլ իմացել։ Չեն էլ կռահել, որ ֆորս-մաժորների պայմաններում այդ դերը պետք է բազմապատիկ աճի՝ գործընթացները կառավարելի դարձնելու և քաոսից խուսափելու համար։ Իսկ մեր դեպքում կյանքը Հայաստանում ընթանում է փաստացի ավտոպիլոտով։ Միակ բանը, որում նկատելի է կառավարության վերահսկիչ-կարգավորիչ գործառույթը, քաղաքացիների տեղաշարժի ազատության կոշտ, ուժային սահմանափակումն է։ Այ այստեղ ոչ ոք ոչ մեկի նկատմամբ ներողամիտ պահվածք չի դրսևորում, ոչ ոք չի վկայակոչում օբյեկտիվ գործոնները և արդարացումներ չի փնտրում։ Արտակարգ դրության ռեժիմ է, ոչինչ չես ասի, և ավտորիտար մեթոդներն այստեղ համարվում են բացատրելի։ Միայն թե նույն այդ ԱԴ ռեժիմը չգիտես ինչու չի ստիպում կառավարությանը նույնպիսի ավտորիտար մեթոդների դիմել հենց նույն առևտրային մասնահատվածի նկատմամբ, որը վեր է թռցրել գները (հիմնավորված, թե ոչ՝ այնքան էլ կարևոր չէ) սոցիալական վիթխարի լարվածության պայմաններում։ Այդ առումով կառավարության ներկայացուցիչները նախընտրում են արդարացումներ փնտրել առևտրային բիզնեսի շնաձկների համար, իսկ քաղաքացիներին խորհուրդ տալիս խուճապի չմատնվել և փոխարինիչներ փնտրել…

Основная тема:
Теги: