Գևորգ Գորգիսյան. Շուտ է դրական դինամիկայի մասին խոսել

Ես չէի շտապի այդպիսի հայտարարություն անել, վստահ եմ, որ շուտ է դրական դինամիկայի մասին խոսել: Ամեն դեպքում հուսով եմ, որ ամեն ինչ մտածված կարվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերում հայտնած այն մտքին, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից հնարավոր կլինի մտածել ռեժիմների թուլացման և բնականոն կյանքին վերադառնալու մասին:

Պատգամավորը միաժամանակ տարակուսանք հայտնեց՝ նշելով, որ դեռ երեկ ՀՀ առողջապահության նախարարը հայտնում էր մտահոգիչ իրավիճակի մասին, այն դեպքում, երբ վարչապետն այսօր լավատեսական գնահատականներ է հնչեցնում:

«Երեկ Արսեն Թորոսյանի հարցազրույցը տեսա, որտեղ ասում էր, որ մեզ չի հաջողվում դանդաղեցնել վարակի տարածման տեմպերը: Չեմ հասկանում կառավարության տարբեր անդամների կարծիքների տարամիտումը: Ամեն դեպքում, շատ հուսով եմ, որ գալիք երկուշաբթի օրվանից հնարավոր կլինի ռեժիմների թուլացում կատարել և բնականոն կյանքին վերադառնալ: Բայց մեկ օրվա տվյալները վիճակագրության համար շատ քիչ են պնդելու համար, որ համավարակը նահանջել է կամ վարակի տեմպը՝ դանդաղել», - ասաց Գևորգ Գորգիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսից 68-ամյա քաղաքացի է մահացել. սա արդեն 8-րդ մահվան դեպքն է Հայաստանում: