Թորոսյան. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 8–ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 146–ի մոտ է առկա թոքաբորբ, իսկ 35 հոգի ծանր վիճակում են և թթվածնի կարիք ունեն, որն էլ ստանում են»,– Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում ասաց նախարարը։

Նրա խոսքով` այս պահին 1500 քաղաքացի է մեկուսացման վայրերում, իսկ 5000-ն ինքամեկուսացվել են։

Թորոսյանը հայտնեց նաև, որ ավելի քան 400 քաղաքացիներ մեկուսացումից դուրս են եկել։

Նրա խոսքով` վերջին երեք օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը եղել է 4.6, 6.8 և 1.3 տոկոսով։

«Մեզ մոտ կրկնապատկման արագությունը 7 օրը մեկ է։ Իսկ այսօր այդ տեմպը դարձել է 8 օրը մեկ»,– ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 833–ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 11–ով, տեղեկացնում է Sputnik Armenia։