Փաշինյան․ «Իմ քայլ»-ի լավագույն գնահատականը տվել է հարևան Ադրբեջանը

Հիմա խորհրդարանն իր որակով էականորեն գերազանցոմ է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին այն մասին, թե չի կարծում ինքը արդյոք, որ «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորների մեծ մասը «պարզապես խոսող, և ոչինչ չանող դեմքեր են և ընտրողների մեծ մասը վաղուց հասցրել է հիասթափվել նրանցից»:

Առաջին հերթին, վարչապետը հիշեցրել է, որ խորհրդարանը շատ կարևոր ինստիտուտ է ժողովրդավարության առումով և հենց այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, և բանավեճ տեղի ունենա: Վարչապետը հորդորել է չթերագնահատել խոսքի արժեքը:

«Ինչը վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը, առիթ ունեցել եմ արդեն ասելու, որ այսօրվա խորհրդարանի և խորհրդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տվել է հարևան Ադրբեջանը, որտեղ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ այդ ընտրությունների պաշտոնական հիմնավորումն այն էր, որ Ադրբեջանը կարիք ունի ավելի երիտասարդ և ժամանակակից պայմաններին ավելի համապատասխան խորհրդարան ձևավորել»,- հայտնել է վարչապետը:

Նա նշել է, որ ՀՀ-ում ձևավորված խորհրդարանում երիտասարդ ատգամավորներ են ընդգրկվել, ովքեր միջազգային հարթակներում, հատկապես, կարողանում են շատ լուրջ ներկայացնել Հայաստանը և Հայաստանի ժողովրդավարությունը:

Փաշինյանը նաև կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ, ինչի մասին է վկայում վիճակագրությունը: ԱԺ մոնիտորինգի ծրագիրն ամփոփել է, որ ընդունված օրենքների 30%-ը հեղինակել է խորհրդարանը՝ պատգամավորները, 70%-ը՝ կառավարությունը:

«Սա ԱԺ մոնիտորինգի շուրջ 10-ամյա դիտարկումների ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, այսինքն պատգամավորների օրենսդրական գործունեությունը երբեք ավելի արդյունավետ չի եղել: Կարծում եմ, որ հիմա խորհրդարանը որպես քաղաքական մարմին իր որակով էականորեն գերազանցոմ է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին: Խորհրդարանական մեծամասնությունն է առաջին հերթին ձևավորում խորհրդարանի իմիջը»,- նշել է Փաշինյանը, տեղեկացնում է Newsarmenia.am։