Մոսկվա-Երևան չվերթով ևս մեկ թռիչք կիրականացվի

«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ, հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ», - նշել է Ավինյանը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացրել էին, որ Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։

Ավելի վաղ Aysor.am-ին ահազանգել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն, ասելով, որ Ռուսաստանում բնակվող և Հայաստան վերադառնալ ցանկացող հայերը հայտնվել են անելանելի վիճակում։

«Մի քանի օր է՝ նրանք լուսացնում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, մի մասն էլ՝ ավտոբուսներում։ Մարդիկ չեն կարող տալ իրենց բնակարանների վարձերը, քանի որ զրկվել են եկամուտից և ուզում են վերադառնալ հարենիք, բայց առայժմ չի ստացվում։ Այստեղ խայտառակ վիճակ է», - նշել էր նա։