Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի որոշումը

Համավարակի առկա իրավիճակով պայմանավորված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորով որոշում է կայացվել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ՝ առանց հավատացյալների ներկայության։ Այս մասին հայտնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն»,- նշված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի թելադրությամբ՝լ սփյուռքի թեմերի առաջնորդները կգործեն ըստ իրենց երկրներում տիրող իրավիճակի։ Հոգևոր հովիվներն առողջապահական բոլոր կանոնների գործադրությամբ կշարունակեն հասանելի միջոցներով իրենց հոգեխնամ առաքելությունն իրականացնել՝ ի մխիթարություն մեր հավատավոր ժողովրդի։

Հիշեցնենք՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցիներում երեկ Ծաղկազարդին նվիրված պատարագ մատուցվեց։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջին անգամ ավանդաբար բազմամարդ այս արարողությունն անցավ փակ դռների հետևում։ Հավատացյալները պատարագին հետևում էին առցանց կամ հեռուստացույցով` տանը նստած։

Տոնի առիթով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից դուրս բերվեց համաքրիստոնեական մասունքը` Սուրբ Գեղարդը, որով, ըստ ավանդույթի, խոցել են խաչին գամված Քրիստոսին։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Անդաստանի արարողություն կատարեց և Գեղարդով օրհնեց աշխարհի չորս կողմերը, տեղեկացնում է Sputnik Armenia։