ԱՆՄԱՐԵԼԻ ՊԱՐՏՔ…

Ավելի քիչ, քան 400 հեկտար…

Ապրիլի 2-ին, ժամը 21։30-ին 5-րդ ալիքով ցուցադրվեց վավերագրական ֆիլմ Արցախի ազատագրման և անվտանգության համար պայքարում մեր տարած հաղթանակների մասին։ Մեծը, ինչպես հայտնի է, հեռավորությունից է երևում, բայց դա ֆիլմի նկատմամբ հասարակական այդպիսի բուռն արձագանքի միակ պատճառը չէ։ Գլխավոր դերը խաղաց ուղեկցող իրավիճակը։ Մարդիկ ամեն օր բախվում են կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու իշխանությունների անկարողությանը։

Այս օրերին, երբ Փաշինյանի եվ իր կառավարության անփույթ վերաբերմունքը կարող է ողբերգության վերափոխվել ողջ ժողովրդի համար, մարդիկ ակամայից հիշում են այն տարիները, երբ պետության ղեկին կանգնած էին փորձառու և հեռատես քաղաքական գործիչներ, այլ ոչ թե փողոցից եկած խուժան, որը հենց շեմից նետվեց պարգևավճարներ ու արտոնություններ լափելու։

Նրանք ոչինչ չգիտեն անել։ Տգիտությունն ու անգործունակությունը կարելի է քողարկել գեղեցիկ նախադասություններով, երբ երկիրն ապրում է սովորական ռեժիմով։ Իսկ արտակարգ դրության ռեժիմում վարչարարների անգործունակությունն ամեն րոպե աչք է ծակում։ Ապրիլյան հաղթանակների մասին ֆիլմը «կրակոց» էր ուղիղ սրտին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. կորոնավիրուսի տարածման պայմաններում Հայաստանը առավել քան երբևէ կարիք ունի գործունակ իշխանության, որն ի վիճակի է կանխել ճգնաժամի խորացումը։

Նիկոլի ու իր թիմի ակնբախ անգործունակության խորապատկերին, այն փաստագրական վկայությունները, թե ինչպես էր նախկին իշխանությունը լուծում շատ ավելի բարդ խնդիրներ, չէին կարող անտարբեր թողնել մարդկանց։ Սեփական անձն արդարացնելու համար Նիկոլն ամեն օր կրկնում է, թե համավարակից տառապում է ողջ աշխարհը։ Դա կանխահայտ սուտ պատճառաբանություն է, քանզի աշխարհում այնքան էլ շատ չեն 3 միլիոն բնակչություն ունեցող պետությունները։ Չինաստանում նույնիսկ այդպիսի նահանգներն են քիչ. բոլորում մեզանից մի քանի միլիոնով ավելի շատ մարդ է ապրում։ Երբ կորոնավիրուսի տեղայնացման խնդիրը չեն կարողանում հաղթահարել բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող երկրների կառավարությունները, դա կարելի է հասկանալ։ Բայց երբ այդ խնդիրը չի կարողանում լուծել 3-միլիոնանոց Հայաստանի իշխանությունը, ապա դա, առաջին հերթին, խոսում է իշխանության որակի մասին, որը կատակում ու ծիծաղում էր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի վրա՝ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու մասին մտածելու փոխարեն։

Դեռևս չորս տարի առաջ մենք ապրում էինք մի երկրում, որը կարողացավ 4 օրում կասեցնել ադրբեջանական բանակի ծավալուն առաջխաղացումը զորքերի շփման գծի ողջ երկայնքով, իսկ մի քանի ամիս անց՝ առանց գեթ մեկ կրակոցի վնասազերծել ծավալուն ահաբեկչությունը մայրաքաղաքի բուն սրտում։ 2016թ. ապրիլի Քառօրյա պատերազմի իրադարձություններից և հուլիսի 17-ին ահաբեկիչների կողմից ՊՊԾ գնդի զավթումից մեզ զատում է ընդամենը 4 տարի, բայց այնպիսի զգացողություն է, թե այդ ամենը եղել է շատ վաղուց, բոլորովին այլ Հայաստանում։ Այն Հայաստանի քաղաքացիները վստահ էին, որ իշխանությունը, որին իրենք հաճախ և երբեմն էլ արդարացի կշտամբում էին, ի վիճակի էր ելք գտնել ցանկացած ճգնաժամից։ Այսօր այդպիսի վստահություն չկա, այդ պատճառով էլ ֆիլմը արձագանք գտավ շատերի սրտում…

Ֆիլմի կենտրոնական կերպարը, անկասկած, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Նրա խոսքերով, 2016թ. ապրիլին ադրբեջանցիները հուսով էին զավթել միանգամից մեծ տարածքներ։ Որից հետո, նրանց տրամաբանությամբ, ինքը պետք է հեռախոս վերցներ ու օգնություն խնդրեր համանախագահներից։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում հայկական կողմը տանուլ կտար բանակցային գործընթացում, բայց զինված ուժերը հաղթահարեցին իրենց հիմնական խնդիրը… Երրորդ նախագահն ափսոսանք հայտնեց այն առիթով, որ «շատ ԶԼՄ-ներ և անհատներ, որոնք սնվում էին տարբեր գրանտներով, սկսեցին ներկայացնել այդ ռազմական գործողությունները որպես պարտություն»։

«Ինչը շատ ցավալի է, որովհետև իրականության մեջ այդպիսի բան չկար: Ինչ վերաբերում է 800 հեկտարին, ապա այդ մասին առաջինը ես եմ հնչեցրել, և դա եղել է Վիեննայից վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում: Անկեղծ պետք է խոստովանեմ, որ չեմ ափսոսում դրա համար: Այո, ավելի մեծ թիվ եմ ասել, քան իրականությունն է: Ինչո՞ւ. եթե հիշում եք, մարտական գործողությունների օրերին, այսպես ասած, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից և խոսում այն մասին, որ ադրբեջանցիները գրավել են Թալիշը: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում՝ 5000 հեկտար, 50 քառակուսի կմ և այլն: Ոմանք նույնիսկ ինչ-որ նկարահանումներ էին ցուցադրում, ինչ-որ հաշվարկներ անում: Դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել չափել և տեսել, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականում մենք կորցրել ենք: Եթե ուզում եք իրականությունն իմանալ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»,- հայտարարեց երրորդ նախագահը։

Գեներալներ և քաղաքական գործիչներ

Իշխանության բացարձակ անգործունակության պայմաններում հաղթանակների, այդ հաղթանակները սեփական ձեռքով կռած քաղաքական գործիչների, գեներալների և զինվորների մասին պատմող ֆիլմն իր մեջ մի ահռելի հարց է բովանդակում. ինչպե՞ս կարող էր պատահել, որ այդ մարդկանց փոխարինելու եկան բանակային ծառայությունից խուսափած սորոսական տղաներն ու ԼԳԲՏ հանրության հովանավորները։

Ինչպե՞ս կարող էր պատահել, որ առաջատար պետական պաշտոններում հայտնվեցին մարդիկ, որոնք ահա արդեն 2 տարի շարունակ ամեն օր ջանում են նսեմացնել մեր հաղթանակները, զրոյացնել դրանց դերն ու նշանակությունը, ապացուցել, թե դրանք չեն եղել։ Այդ նպատակով Նիկոլը ձևավորեց խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով՝ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ, որը ջանադրաբար կատարում է նորագույն պատմությունը նենգափոխելու վարչապետի հրահանգը։ Նրա խնդիրն է՝ Քառօրյա պատերազմում հայոց զենքի հաղթանակը ներկայացնել իբրև պարտություն և մեղքը բարդել երրորդ նախագահի վրա։

Ապրիլին կլրանա Սերժ Սարգսյանի հրաժարականի երկրորդ տարին։ ԶԼՄ-ները, ըստ ավանդույթի, ինչ-որ պարզաբանումներ կսպասեն նրանից և կդժգոհեն, թե իբր՝ երրորդ նախագահը լռում է ահա արդեն 2 տարի շարունակ։ Իրականում Սարգսյանը չի լռում, մեր հաղթանակների մասին ֆնլմում նա ասաց այն ամենը, ինչ ցանկանում էր։ Պարզապես մենք 2 տարվա ընթացքում արդեն հետ ենք վարժվել այն քաղաքական գործիչներից, որոնք օդ չեն ցնցում պատեհ ու անպատեհ, մանավանդ մի իրավիճակում, երբ Փաշինյանը մեղադրյալի աթոռին է նստեցրել նրանց, ովքեր մեզ համար նվաճել են այդ հաղթանակները, նրանց, ում առջև մեր, մեր զավակների ու թոռների պարտքն անմարելի է

Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, գեներալ Սեյրան Օհանյան, գեներալ Յուրի Խաչատուրով, գեներալ Մանվել Գրիգորյան։ Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլը, գալով իշխանության, միանգամից ձեռնամուխ եղավ Հաղթանակի գեներալներին և Հաղթանակի քաղաքական գործիչներին դատելուն։ Այսօր նա ի վիճակի չէ հաղթել նույնիսկ կորոնավիրուսին, բայց չէ՞ որ արտաքին ագրեսիայի դեպքում հենց վարչապետն է դառնալու գերագույն հրամանատարը…

Իշխանության գալուն պես Նիկոլը սկսեց հաշիվներ մաքրել բոլոր նրանց հետ, ովքեր մարմնավորում են Արցախի ազատագրման համար պայքարն ու անկախության պաշտպանությունը։ Հասա՛վ ուզածին։ Խմբագրից, որն իր դեղին թերթի էջերում հայերին բաժանում էր հայաստանցիների և ղարաբաղցիների, Տեր-Պետրոսյանի քաղաքական զինակցից, որը 2008թ. մարտի 1-ին կոչ էր անում «ազատել քաղաքը ղարաբաղցի տականքներից», այլ բան չէր էլ կարելի սպասել։ Հաղթանակի գեներալների հանդեպ ատելությունն այնքան ուժեղ էր, որ Նիկոլը, աչքն էլ չթարթելով, հետ կանչեց Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից և, վտանգելով պետական շահերը, հրամայեց կալանավորել նրան, որպեսզի ցուցմունքներ կորզի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Համանման ցուցմունքներ էին փորձում պոկել նաև ծանր հիվանդ գեներալ Մանվելից…

Ֆիլմը տարբերության մասին է

Այսօր նիկոլական ողջ քարոզչությունն աշխատում է երկրորդ և երրորդ նախագահներին բաժանելու ուղղությամբ։ Իշխանության ձեռքից սնվող պարբերականները մշտապես ստեր են տիրաժավորում նրանց տարաձայնությունների մասին։

Իրականում այդ երկուսը, ինչպես որ կային, այնպես էլ մնացել են «մեջք-մեջքի, կայմին հենված, հազարի դեմ երկուսով»։ Այդպիսի պահվածքը բնորոշ է տղամարդկանց, Նիկոլն անկարող է դա հասկանալ։ Այդ մասին, մասնավորապես, վկայում են նրա կնոջ հայտարարությունները առաջնագծում «հանուն ոչնչի» զոհվածների և այն մասին, որ պետք է զարդեր ձուլել փամփուշտներից։Մի՞թե կարող էր Հաղթանակի գեներալներից ու քաղաքական գործիչներից մեկնումեկի կինն իրեն թույլ տալ նման խոսքեր արտահաբերել։ Այդպիսի բան պատկերացնելն անգամ անհնա՛ր է։ Նրանց կանայք և զավակները միշտ նախընտրել են ստվերում մնալ։ Մինչդեռ Նիկոլի կինն ու ավագ դուստրը միջամտում են քաղաքականությանը կոպիտ ու բռի կերպով։ Դուստրը նույնիսկ փորձում էր վարքի կանոններ ուսուցանել պատգամավորներին…

Ապրիլյան հաղթանակի մասին ֆիլմը վերաբերում է հենց դրան. այն տարբերությանը, այն անդունդին, որն այսօր զատում է հաղթող պետությանը կորոնավիրուսի սպառնալիքի առջև ընկրկող պետությունից, իսկ դրա ապիկար առաջնորդն ի արդարացում իրեն վկայակոչում է մի քանի տասնյակ միլիոն բնակչություն ունեցող երկրների ցավալի փորձը։ Հաղթանակի քաղաքական գործիչները չէին կատակի համազգային սպառնալիքի թեմայով, չէին ասի, թե «կո­րո­նա­վի­րուս­նե­րին հատ-հատ պին­ցե­տով հա­նե­լու ենք ու ա­րա­ղով դե­զին­ֆեկ­ցիա ա­նենք», չէին ծամածռվի հեռուստախցիկների առջև, թե իբր՝ «կորոնավիրուսը ո՜ւմ շունն է», այլ անմիջապես կանխիչ միջոցներ կձեռնարկեին, որպեսզի բանը չհասներ ճգնաժամի։

Երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում կորոնավիրուսի տարածման սպառնալիքը կարելի էր կասեցնել կամ, ծայրահեղ դեպքում, դանդաղեցնել, ինչպես դա արեցին հարևան Վրաստանում։ Այսօր կորոնավիրուսից մահվան և վարակվածների քանակով Հայաստանը տանուլ է տալիս ոչ միայն Վրաստանին, այլև Ադրբեջանին։

Основная тема:
Теги: