Բակո Սահակյան. Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ կանայք,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Թող ձեր կյանքը լինի գարնանային հիասքանչ օրվա նման՝ պայծառ ու լուսավոր, ծաղկուն ու արևոտ: Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը:

Հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան ու սյուն, ամուսնու համար՝ թև ու թիկունք: Այսօր էլ նա պատվով է կատարում դարերից եկած այդ վեհ առաքելությունը՝ անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին, իր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ մայրեր, քույրեր, տատիկներ, կանայք ու աղջիկներ, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին», տեղեկացնում է News.am։