ՀԿԵ-Ն ՀԱՅՏՆՈՒՄ Է ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՆԵՐԿՐՄԱՆ ԱՆԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ազդել է Հարավկովկասյան երկաթուղու առաջին եռամսյակում աշխատանքի արդյունքներին։ Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ հաշվետու շրջանում փոխադրվել է 710 հազար տոննա բեռ, ինչը չի հասնում կանխատեսված ցուցանիշին։

Ներկրման հաղորդակցությունում 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ բեռնափոխադրումները առաջին եռամսյակում նվազել են 2,4 տոկոսով։

Երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտում նույնպես անկում է գրանցվել 8 տոկոսով՝ մինչև 74,4 հազար ուղևոր։

Հարկ է նշել, որ մարտի կեսերից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ու Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքները։ Այժմ գործող երթուղիներում նկատվում է ուղևորահոսքի նվազում նախորդ տարվա հետ համեմատ։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը խորհրդակցության ընթացքում կոչ է արել ակտիվացնել բեռների հոսքն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։

- Այսօր արդեն գրանցվել է բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների գծով կորուստների աճ։ Մեր աշխատանքի հիմնական խնդիրը երկաթուղի նոր բեռների հոսքի ապահովումն է։ Դրանից է կախված ընկերության արդյունավետ աշխատանքը, - ասաց գլխավոր տնօրենը։

Նա նաև պատասխանատու անձանց և ղեկավար կազմին հանձնարարել է չթուլացնել սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի կատարումն արտակարգ դրության պայմաններում։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: