ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ Ո՞ՒՄ Է ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ

Ցանկացած ժողովուրդ նզովում է իր իսկ կողմից երբեմնի ընտրված առաջնորդին բնավ ոչ այն պատճառով, որ, ասենք, կյանքի նյութական պայմանները չափազանց ծանր են։ Ժողովուրդը նզովում է առաջնորդին Ղարաբաղի համար, դավաճանության ու ստի, հասարակության պառակտման ու ստորության, ապօրինությունների, խառնակչության և գողության, լկտիության, ցինիզմի և ինքնագոհության համար։ Ինչպես տեսնում ենք, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին նզովելու շատ պատճառներ ունի։ Եվ նրան հասցեագրված անեծքները չեն դադարում հնչել արդեն քանի օր շարունակ։

Կապիտուլյացիայի խայտառակ ակտը ստորագրելու, դավաճանության ու Արցախը հանձնելու համար ժողովրդից ծնկաչոք ներողություն խնդրելու և սուսուփուս հնարավորինս հեռու սողալու փոխարեն՝ Փաշինյանը, լկտիավուն ժպտալով պատվազրկվածի փոքր-ինչ շփոթված ժպիտով, ոչ միայն համառորեն կառչում է վարչապետի աթոռից, այլև շարունակում իր սև գործը՝ խորացնելով հասարակության պառակտումը:

Ի դեպ, ոչ ոք Փաշինյանին լիազորագիր չի տվել նման փաստաթուղթ ստորագրելու Հայաստանի անունից։ Ինչի կապակցությամբ խորհուրդ կտայի Նիկոլին արգելակել իր լայվերն ու կենտրոնանալ սեփական հրաժարականի տեխնիկական մանրամասների վրա։ Եվ չշփոթել սեփական անձը Հայաստանի հետ, թե չէ անհարմար է։

Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանը վերջնականապես կորցրել է կողմնորոշումը բարոյական տարածքում։ Սա կլինիկա է։ Որքան քիչ առնչություն ունենա նա Հայաստանի և Արցախի հետ, այնքան լավ Հայաստանի և Արցախի համար։ Շվարցից իմ սիրելի մեջբերումը Ցեզար Բորջիայի մասին է. նորաձևության ստրուկի, որն արևայրուք ընդունեց սևանալու աստիճան, իսկ հետո, երբ արևայրուքի մոդան անցավ, փոխպատվաստեց անդրավարտիքի տակի մաշկը (մարմնի միակ սպիտակ տեղը) դեմքին: «Հուսով եմ, որ դա չի՞ վնասել նրան»- հարցնում է Շվարցի պիեսի բարեսիրտ Գիտնականը։ «Ոչ,-պատասխանում է բանիմաց Յուլիա Ջուլին, - նա միայն դարձել է ծայրաստիճան անամոթ»: Այս մեջբերումը հիշողությանս մեջ թարմացավ Փաշինյանի պահվածքի գործած տպավորությունից։

Պատերազմից հետո Շառլ դը Գոլը հայտարարեց, որ բոլոր ֆրանսիացիները «Դիմադրության հերոսներ են»։ Դա շատ գրագետ քաղաքական քայլ էր. քայլ դեպի ազգային հաշտեցում։ Չէ՞ որ հասարակությունը պառակտված էր։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հոժարակամ լքեցին իրենց պաշտոնները, որպեսզի խուսափեն պատերազմող երկրում իրավիճակի ապակայունացումից։ Իսկ Փաշինյանն իշխանությունը զավթելուց անմիջապես հետո բաժանեց քաղաքացիներին սևերի ու սպիտակների, լուսավոր ապագայի կողմնակիցների ու դավադիրների։ Եվ այսօր, հեռանալու, իրավիճակը շտկելու գոնե փոքր հնարավորություն տալու փոխարեն, սպառնում է, մեղադրում բոլորին, ձերբակալում քաղաքական ընդդիմախոսներին, փորձում բիրտ ուժով ցրել բողոքի ակցիաները, սադրիչների ջոկատներ է պատրաստում, վրեժի կոչ անում իր կողմնակիցներին։

Լավ, ենթադրենք, թե Փաշինյանին հաջողվեց գլխատել ընդդիմությանը, կալանքի տակ առնել ոչ միայն դրա առաջնորդներին, այլև երկրորդ և երրորդ էշելոնների գործիչներին։ Ենթադրենք, թե բողոքի ակցիաների ալիքը գնալով մարեց, և հուսահատ քաղաքացիները ցրվեցին իրենց տները։ Ենթադրենք, թե նա վերջնականապես բռնապետություն հաստատեց երկրում և նույնիսկ վերականգնեց միապետական ծեսերը։ Ենթադրենք։ Իսկ հետո՞։

Չէ՞ որ քաղաքացիների համար նա առհավետ կմնա դավաճան, որը նվիրեց Արցախը նույնիսկ ոչ թե Բաքվին, այլ Անկարային։ Ինչպե՞ս է նա ապրելու այդ խարանով։ Ինչպե՞ս է կառավարելու դրանից հետո։ Ո՞ւմ է կառավարելու: Այն ժողովրդին, որն ատում է իրեն ու համարում դավաճա՞ն։ Դառնալու է քաղաքացիներից զուրկ տիրակա՞լ։ Որքա՞ն կարող է դա շարունակվել։ Փաշինյանն անխուսափելիորեն ձեռքից բաց կթողնի սանձերը, և նրան կմնա միմիայն կառչել ձիու պոչից։ Ասենք, դա էլ երկար չի տևում։

Փաշինյանը կամքի կաթված է ստացել։ Նա այլևս ի վիճակի չէ որևէ բան անել։ Իշխանությունը սրընթաց թռչում է անէություն, անղեկ ու անառագաստ, և չզգալով իր տակ երկիրը։ Այ, հետաքրքիր է այնուամենայնիվ. երբ նախօրեին թշնամու առջև կապիտուլյացիայի ենթարկված Փաշինյանն իր բունկերից հայտարարեց, թե գլխավոր խնդիրը Հայաստանը հզորացնելն է, իսկ դրա համար պետք է միավորվել իշխանության շուրջ, քաղաքացիներից որևէ մեկը, գոնե մեկը նրան հավատա՞ց։ Եթե այո, ապա ի՜նչ մաքուր, լավ մարդ է դա: Եվ ի՜նչ դեբիլ, մեղա Տեր:

Փաշինյանին Արցախը միայն խանգարում էր, քանզի նա միշտ մտածել է բացառապես սեփական աթոռի մասին։ Ինչպես որ խանգարում էր նաև իր ողջ ոհմակին, որի միակ մտահոգությունը իշխանության պահպանումն է։ Իսկ հայրենասերներին, որոնք այսօր փորձում են փրկել Արցախը, այդ մուտանտները մեղադրում են իշխանություն ճանկելու փորձի մեջ ։ Դա անհեթեթ մեղադրանք է, որը կարող են ներկայացնել միայն ապուշները։ Իսկապես ապուշնե՞ր են։ Այո, բայց վտանգավոր ապուշներ։ Քանզի կառչել են իշխանությունից ձեռքերով, ոտքերով, ատամներով, կառչել աքցանի պես։

Փաշինյանի ստորագրած խայտառակ համաձայնագրի դրույթներն արդեն կատարվում են, Հայաստանն ու Արցախը բախվում են ահռելի քանակությամբ բարդագույն խնդիրների. սկսած պաշտպանական նոր ամրությունների կառուցումից, ճանապարհներից, վնասված հաղորդակցությունների, օբյեկտների, տների, ենթակառուցվածքների վերականգնումից, վերջացրած ամեն ինչ կորցրած տասնյակ հազարավոր փախստականներով։ Ո՞վ է լուծելու նշված և հարյուրավոր այլ խնդիրները։ Այդ ապաշնորհնե՞րը՝ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք կարող են միայն նստել թրիքի մեջ ու վարդ հոտոտել։

Պետության առաջնորդ լինելը սարսափելի բեռ է։ Այն անհաղթահարելի գտնվեց Փաշինյանի համար, որը տարավ և՛ Արցախը, և՛ Հայաստանը այնպիսի փակուղի, որից դժվար կլինի դուրս գալ։ Բայց, կարծում ենք, ելքեր գտնել կհաջողվի։ Սակայն մի պայմանով. նախ պետք է կտրել ուռուցքը, այսինքն՝ հեռացնել Փաշինյանին, իսկ հետո զբաղվել ապաքինիչ պրոցեդուրաներով։