Պուտին․ Հուսով եմ` շուտով չենք օգտագործի «Ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման շուրջ խորհրդակցություն է անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի, և մենք այլևս չենք օգտագործի «Ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը», - ասել է ՌԴ ղեկավարը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղում հակամարտության հետևանքով փախստականների թիվը տասնյակ հազարների է հասնում։
Պուտինը նշել է, որ քաղաքացիական բնակչությունը լրացուցիչ օգնության կարիք կունենա։ Կստեղծվի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որը կզբաղվի փախստականների վերադարձի և ենթակառուցվածքների վերականգնման հարցով: Ռուսաստանի նախագահն արդեն ստորագրել է կենտրոնի բացման հրամանագիրը։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից:
Նա հույս է հայտնել, որ կենտրոնի գործունեությանը կաջակցեն միջազգային կառույցներն ու ԱՊՀ-ն։
Ռուսական պետության ղեկավարը ԱԳՆ-ին հանձնարարել է Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին շարունակել իրազեկել ՄԱԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ԵԱՀԿ-ին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: