Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը Քերոլայն Քոքսին ուղեկցել են ավերված շինություններ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանն Արցախ է ժամանել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

«Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված, Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում ՄԻՊ–ը հրապարակել է 2 միջանկյալ զեկույց` ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, 3 փակ զեկույց՝ հայ ռազմագերիների և զինծառայողների դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, 1 զեկույց՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման վերաբերյալ, 1 զեկույց՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև մեկ համատեղ զեկույց ՀՀ մարդու իրավունքների հետ՝ քիմիական բնույթի զինատեսակների կիրառման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանը շեշտել է՝ արձանագրված փաստերն ավելի քան բավարար էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և միջազգային հանրության համար՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու և Ադրբեջանի հանցավոր վարքագիծը դատապարտելու և կանխելու համար:

Քերոլայն Քոքսն ասել է, որ ինքը տարիներ շարունակ Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնել է միջազգային հարթակներում։ Բարոնուհին ձեռքերը ծալած չի նստել նաև պատերազմի օրերին և կոչ է արել շահագրգիռ կառույցներին գործնական քայլերով ապահովել արցախցիների իրավունքների պաշտպանությունը:

Բարոնուհին շեշտել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի արդար պայքարին իր իրավունքների ու ազատությունների համար։ Նա ընդգծել է՝ միջազգային հանրությունը պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել առկա կարիքներին ու հիմնախնդիրներին։

Բեգլարյանը հյուրերին ներկայացրել է նաև Արցախում ստեղծված մարդասիրական աղետն ու մատնանշել միջազգային աջակցության այն ուղղությունները, որոնք կարևոր են առկա ծանր իրավիճակը հաղթահարելու համար:

Հանդիպումից հետո բարոնուհին պաշտպանների ուղեկցությամբ այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված քաղաքացիական մի շարք շինություններ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: