Պուտին. ԼՂ հարցով պայմանավորվածությունները պահպանվում են

Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, ինչը պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կարևոր է, որպեսզի պայմանավորվածությունները (արձանագրված Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ) պահպանվեն: Ամբողջությամբ դադարեցվել են մարտական գործողությունները, իրավիճակը կայունանում է»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի ժամանակ:

Պուտինի խոսքով՝ «պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լիաֆորմատ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա՝ ի շահ ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովրդի»:

Պուտինը հիշեցրել է, որ ռուսական կողմը ձեռնարկել է ամենաակտիվ ջանքերը, որպեսզի դադարեցնի իր երկու բարեկամ պետությունների միջև մարտական գործողություններն ու նրանց խրախուսի գնալ փոխզիջման: «Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին կրակի լիարժեք դադարեցման և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց: Այդ ամենը արձանագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրած եռակողմ հայտարարության մեջ»,-նշել է նա, տեղեկացնում է News.am: