ՀՀ ՊՆ․ Հայաստանը տվյալներ չունի Իրանի տարածքում հայ զինծառայողների գտնվելու վերաբերյալ
Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված այն լուրերին, թե որոշակի թվով հայ զինծառայողներ են գտնվում Իրանի տարածքում։ Օգտատերերը տեղադրում են Հայաստանում Իրանի դեսպանատան հեռախոսահամարներ ու նշում, որ Մարտունիում, Վայքում ու Ջեբրայիլում ծառայած ու անհետ կորած զինծառայողների հարազատները կարող են դիմել դեսպանատուն՝ տեղեկություն ստանալու համար։
Այդ առնչությամբ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ պաշտպանական գերատեսչությունն ակտիվորեն աշխատում է իրանական կողմի հետ՝ վերը նշված տեղեկությունները ճշտելու համար։
Նրա խոսքով, Թեհրանում ՀՀ դեսպանատան հարցմանն ի պատասխան ու Երևանում իրանական դիվանագիտական ներկայացուցչության հետ շփումներում Իրանում հայ զինծառայողներ լինելու տեղեկությունները չեն հաստատվել։
Հավելենք, որ վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ ղարաբաղյան ռազմաճակատի հարավային հատվածում՝ Արաքսի հովտում ընթացած մարտերի ժամանակ զինծառայողներ են անցել իրանական տարածք։