2020-11-18 16:30
Լրատվական գործակալություններ
Մարտակերտի 6 գյուղերի բնակիչներ տեղահանվելու անակնկալ հրահանգ են ստացել
Արցախի Մարտակերտի շրջանի 6 գյուղի բնակիչներ, որոնցից որոշները հրադադարից հետո վերադարձել են իրենց տներ, այսօր անակնկալի են եկել տեղահանման հրահանգ ստանալով։ Շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը News.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովտաշեն, Կարմիրավան, Նոր Մարաղան, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Հայկաջուր գյուղերը տարհանելու հրահանգ է ստացել այսօր։
«Առայժմ պարզ չէ, թե ինչպես է սահմանն անցնելու․ ադրբեջանական զորքերն են առաջ գալու, նաև խաղաղապահներն են տեղակայվելու։ Այս պահին միայն կարող եմ ասել, որ տեղահանվելու հրահանգ կա։ Առայժմ իրենց պետք է ժամանակավոր տեղավորենք Մարտակերտում»,- նշեց նա։
Վարչակազմի ղեկավարը նշեց, որ բնակիչները տեղափոխվելու համար մեկ օր ժամանակ ունեն՝ մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 23։00-ն։