Մովսես Հակոբյանը` իր ազատման հրամանի անճշտության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, գեներալ–գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանության նախարարի հրամանն արդեն կա, ու ինքն ազատված է պաշտոնից, սակայն հրապարակված հրամանը չի համապատասխանում իր զեկուցագրի էությանը։

 

Նա նշեց, որ պաշտպանության նախարարին խնդրել է, որ հրամանն արձակի այնպես, ինչպես գրված է իր զեկուցագրում։ Չի համաձայնել։

«Իհարկե կփորձենք շտկել, եթե ոչ կբողոքարկենք, և հրամանը կգրվի այնպես, ինչպես իմ զեկուցագրում է։ Իսկ իմ զեկուցագրում գրված է ճշմարտությունը և իմ զորացրման պատճառը։ Որոշումս վաղուց էի կայացրել, դեռ հոկտեմբերի 5–ին, և դրա հիմքերը եղել են։ Զեկուցագիրս այն ժամանակ չեմ ներկայացրել, քանի որ իմ որոշումը վնաս կհասցներ զինված ուժերին, այդ պատճառով էլ սպասել եմ պատերազմի ավարտին»,–ասաց նա։

Հակոբյանի խոսքով` չնայած կայացրած որոշմանը, շարունակել է ուժերի ներածին չափով աջակցել բանակին և միջնորդավորված կերպով իր խորհուրդները տեղ հասցնել ռազմաքաղաքական իշխանությանը։

«Որոշումս վերջնական կայացրել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիշերվա հրապարակումից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և «պատերի տակ վնգստացողներին» պատասխան տալ։ Այդ պահին ես որոշումս կյանքի եմ կոչել և զեկուցագիր եմ գրել բանակից զորացրվելու համար»,–ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia։