Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորել է նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:

ԱԳ նախարարները քննարկել են նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ, տեղեկացնում է Panorama.am: