Գարեգին Բ–ն երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին

Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` երախտագիտություն հայտնելով Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար:

Կաթողիկոսը հայտնել է, որ բարձր է գնահատում ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի ռեժիմի վերականգնման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ ՌԴ իշխանությունների և անձամբ Ռուսաստանի նախագահի ջանքերը:

«Անձամբ Ձեզ խորին երախտագիտություն ենք հայտնում հայ ժողովրդի՝ Ադրբեջանին հանձնվող պատմական ժառանգության՝ հնագույն վանքերի, եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանության գործում ձեռնարկած քայլերի համար»,–ասված է ուղերձում:

Կաթողիկոսը նշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հաջողվել է ապահովել հայկական հայտնի` Դադիվանքի անվտանգությունը։

«Մեր ժողովուրդը միշտ հիշելու է Արցախում արյունահեղության դադարեցման հարցում Ռուսաստանի կարևոր դերը և աղոթելու է հայ-ռուսական բազմադարյա բարեկամության անսասանության համար»,– ասված է Գարեգին Բ-ի ուղերձում, տեղեկացնում է Sputnik Armenia: