«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» վերսկսում է Երևան չվերթները

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը (ՈւՄԱ) հայտնել է դեկտեմբերի 4-ից Երևան չվերթները վերսկսելու մասին։

««Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը ուրախությամբ հայտնում է 2020 թվականի դեկտեմբերի 4-ից Երևան չվերթները վերսկսելու հնարավորության մասին։ Երկարատև դադարից հետո վերամեկնարկը հնարավոր է դարձել տարածաշրջանում իրավիճակի կայունացման շնորհիվ»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

ՈւՄԱ-ն նախատեսում է շաբաթը 2 անգամ թռիչքներ իրականացնել «Զվարթնոց» օդանավակայան և հետադարձ չվերթներ Կիև։ Ընկերությունը շարունակում է հետևել տարածաշրջանում իրավիճակին և երկրում համաճարակային իրավիճակին։ «Ինչպես հայտնի է, հիմա գոյություն ունեն տարբեր երկրների սահմանների հատման համաճարակաբանական սահմանափակումներ։ Ճանապարհորդությունների վերաբերյալ հրահանգներին կարելի է ծանոթանալ ավիաընկերության կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՈւՄԱ ավիաընկերությունը հոկտեմբերին հայտարարել էր Երևան թռիչքների դադարեցման մասին՝ կապված Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ, տեղեկացնում է News.am։