Տարոն Տոնոյան. Ո՞վ բացեց Հադրութի թիկունքը

Ո՞վ բացեց Հադրութի թիկունքը։ Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հանրահավաքին նման հարց բարձրացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը, որը առաջնագծում է եղել պատերազմի բոլորի օրերին։

«Ո՞վ բացեց Հադրութի թիկունքը, ինչո՞ւ Ջաբրաիլից մինչև Իշխանաձոր Հադրութի թիկունքը մնաց դատարկ, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Էդ ժամանակ ինքը հասկացավ՝ էդ պահին եթե ինքը դադարեցներ, միևնույն է, պիտի մենք իր հրաժարականը պահանջեինք։ Ամեն անգամ պատրանքներով ապրելով, թե պիտի բեկում մտցնի, որպեսզի իշխանությունը պահի, թույլ տվեցին ամենակոպտագույն սխալները»,- նշեց նա։

Տարոն Տոնոյանի կարծիքով՝ եթե Հայաստանը «ՍՈՒ»-երի փոխարեն հակաօդային պաշտպանության միջոցներ ձեռք բերեր, հնարավոր կլիներ հաղթել պատերազմում։

«Չունենայինք այս հիմար ինքնաթիռները, որ այդպես էլ օդ չբարձրացան, ունենայինք հակաօդային պաշտպանություն, որը պետք է գնեինք, պատերազմը կհաղթեինք։ Ամենածանր հարձակումների ժամանակ մենք ընդամենը մի քանի դիրք ենք հանձնել, մի 200-300 մետր ենք հետ եկել»,- նշեց նա, տեղեկացնում է News.am։