Արցախի Վազգենաշեն գյուղն անակնկալ կերպով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ
Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։
Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում, 10 ընտանիք՝ Ստեփանակերտում, 5 ընտանիք՝ Ասկերանի շրջանի Իվանյան և Շոշ համայնքներում, իսկ 25 ընտանիք էլ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրեր։
Այսօր համացանցում և ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ անցած գիշեր ադրբեջանական մեքենաներ են մտել Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղ, որտեղ հայ բնակիչներ են եղել։ Նրանք խուճապահար փախել են հարևան Ավդալ գյուղ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: