Հրապարակվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող 17 զինծառայողների անունները
Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հայտնում են, որ այս պահին Ադրբեջանում գտնվող 17 հայ զինծառայողի առնչությամբ ՄԻԵԴ–ը բավարարել է իրենց ներկայացրած դիմումները։
«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ–ը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Զեյնալյանը։
Նա նաև հայտնել է, որ գերության մեջ հայտնված անձինք են Սամվել Ասատրյանը, Արսեն Կարապետյանը, Նորիկ Արաքելյանը, Գեղամ Էլիբեկյանը, Վահե Աբրահամյանը, Հովսեփ Սահակյանը, Սամվել Քաստակցյանը, Սամվել Կնազյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը, Հարություն Գևորգյանը, Արման Հարությունյանը, Միքայել Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Պետրոս Ղազարյանը, Սարգիս Սողոմոնյանը և Խաչիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություններ ներկայացնել նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 27-ը։
Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը դատարանի սահմանված ժամկետում չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։