Շատերը չեն հանձնել իրենց զենք-զինամթերքը. ՊՆ-ն դիմել է ռազմաճակատից վերադարձածներին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ Արցախում հրադադարի հաստատումից հետո ռազմաճակատից վերադարձած քաղաքացիներից շատերը չեն հանձնել իրենց զենք–զինամթերքը։

«Պատերազմական գործողությունների ընթացքում, ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ: Եռակողմ համաձայնագրի շրջանակում հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերն արդեն վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը», – գրված է հաղորդագրությունում։

ՊՆ–ն հորդորում է զորահավաքի ժամանակ կամ այլ ճանապարհներով ստացած զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանություն:

Վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասը` Պն–ն տեղեկացնում է, որ ապօրինի կերպով պահվող զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։