Ռուսաստանի ԱԻՆ-ը հավելյալ խումբ է ուղարկել Ղարաբաղի բնակչությանն օգնելու համար

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր լրացուցիչ խմբավորում է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«ՌԴ ԱԻՆ–ի փրկարարներին տեղափոխող հերթական Իլ-76-ը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Համահավաք խմբավորումը ձևավորվել է Նոգինսկի և Տուլայի փրկարարական կենտրոնների, «Լիդեր» կենտրոնի աշխատակիցներից, կենտրոնական ապարատի, ինչպես նաև էներգետիկայի նախարարության մասնագետներից», – նշում է գերատեսչությունը։

Օդանավում կա անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ կան, ինչպես նաև մասնագետների կեցության միջոցներ։ Նրանք բոլորը կորոնավիրուսի և սթրեսակայունության թեստ են հանձնել։

Մասնագետներն իրենց հետ վրաններ, լուսային աշտարակներ, բենզինի գեներատորներ են բերում։

Առաջիկա օրերին նախատեսվում է ավելացնել Լեռնային Ղարաբաղում ներգրավված անձնակազմի թիվը։