Սեմյոն ՊԵԳՈՎ. ՇՈՒՇԻԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԷՐ

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ռազմական թղթակից, WarGonzo նախագծի հիմնադիր և ղեկավար Սեմյոն Պեգովը պատասխանեց մի շարք հարցերի, այդ թվում նաև Երևանից ստացված: Ներկայացնում ենք ռազմական թղթակցի, որը գտնվելով Արցախում լուսաբանում էր գրեթե ամբողջ պատերազմը, պատասխանները ամենահրատապ հարցերին:

Շուշիի հանձնման մասին

Շուշիի կորուստը քաղաքական որոշում էր, կարծում է Պեգովը։

«Մեծամասամբ դա քաղաքական որոշում էր, քան՝ ռազմական։ Ինձ համար դժվար է գնահատական տալ այդ որոշմանը, քանի որ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունն էր տեղյակ դիմացկունության պաշարի մասին, գուցե, ռեսուրսները սպառվում էին, և իրավիճակը կարող էր էլ ավելի վատ շրջադարձ ունենալ», – նշեց Պեգովը։

Ըստ նրա` քաղաքում համաձայնագրի ստորագրման պահին Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ են գտնվել։ Լիարժեք վերահսկողություն չի եղել, այնտեղ կային նաև ադրբեջանցիներ։

«Սակայն առաջնագծից ստացվող հաղորդումների համաձայն՝ այդ ժամանակ դեռ մարտերն ընթանում էին։ Նոյեմբերի 9-ին Շուշիի մատույցներում շուրջ 400 մարդ է եղել, որոնք պատրաստ էին քաղաք մտնել «մաքրում» իրականացնելու համար։

Ադրբեջանը քաղաքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն չուներ, այնտեղ հայ զինծառայողների երկու խումբ կար», – նշեց Պեգովը։

Ընդ որում, նրա խոսքով, Շուշիի գրավման մասին Ալիևի հայտարարության պահին դիվերսանտների սահմանափակ քանակություն էր մտել քաղաք։

Ռազմական լրագրողը տեղեկացրեց, որ Շուշիի պաշտպանության օպերացիան ղեկավարում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանը (նա նախարար էր նշանակվել հոկտեմբերի 27-ին-խմբ.)։ Իսկ Հադրութի հետ կապված սխալներ են եղել, դա ռազմական կորուստ էր, կարծում է Պեգովը։

«Դա ռազմական կորուստ էր։ Քչերն էին սպասում, որ անտառային ճանապարհով Հադրութ դիվերսանտներ կմտնեն։ Կարծում եմ, որ դա ավելի շուտ օբյեկտիվ ռազմական կորուստ է։ Ի սկզբանե դիվերսանտներ մտան, նրանցից ոմանք հայկական համազգեստով էին, հայերեն էին խոսում», – նշեց Պեգովը։

Խառնաշփոթից խուսափելու համար քաղաքից դուրս էին բերվել աշխարհազորայինները, և քաղաքը, ըստ Պեգովի, մաքրում էին Պաշտպանության բանակի հատուկ նշանակության զորքերը, սակայն նրանց ուժերը չբավականացրին։ Լրացուցիչ ուժեր էին հարկավոր, ասաց բանախոսը։

Ավելի վաղ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ Պեգովը նշել էր, որ ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում Շուշիի իրավիճակն իր համար ամենացավոտն էր։ Քարին տակի մերձակայքում, երբ սկսվեց մոտակա հրաձգային մարտը, նա որոշում կայացրեց տարհանել նկարահանող խմբին։

«Տղաներից շատերը, որոնց հետ այնտեղ կանգնած ենք եղել, այսօր ողջ չեն։ Սա այն պահն է, որը իմ սրտում ցավոտ հետք է թողել», – ասաց նա։

Արցախի շրջանները սիրիացի գրոհայիններով բնակեցնելու մասին

Թուրքիայի իշխանությունը պոտենցիալ վերաբնակվողներին ֆինանսական ու նյութական օգնություն է առաջարկում։ Սեմյոն Պեգովը կարծում է, որ արցախյան հողը կարող է դրախտ թվալ Սիրիայի մի շարք բնակիչների համար։

Նրա խոսքով` Սիրիայից արդեն ազդակներ կան, որ թուրքամանների ընտանիքներ են ուզում տեղափոխել այդ շրջաններ, իսկ նրանցից ոմանց համար արցախյան հողը կարող է դրախտ թվալ Սիրիայի 9 տարվա պատերազմից հետո։

«Սիրիայում թուրքերն արդեն դիմում են նման կոչով, օգնություն առաջարկում մարդկանց, եթե նրանք ցանկանան Արցախ տեղափոխվել։ Ուժային կորիզը կապահովեն նույն գրոհայինները, որոնք որևէ տեղ չեն մեկնել Արցախից», – ասաց լրագրողը։

Նրա խոսքով` Ռուսաստանի ՌՏՈւ–ն վերջին օրերին Իդլիբում ակտիվ հարվածներ է հասցնում թուրքամետ գրոհայինների բազաներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկանում է, որ Ռուսաստանն ու Սիրիան մինչև վերջ շարունակելու են ճզմել Իդլիբը։

Բայց չէ՞ որ այնտեղ ապրում են մարդիկ, որոնք երազում են Օսմանյան կայսրության վերածննդի մասին, օրինակ`«Գորշ գայլեր» արմատական խմբավորման ակտիվիստները։ Անկարան ձգտում է նրանց ներգրավել սեփական նպատակներին հասնելու համար։

«Բուն Թուրքիայում նման արմատականացման կարիք չկա, սակայն նրանց կարիքը կարող է զգացվել Անդրկովկասում», – կարծում է լրագրողը։

Վրեժխնդրության հնարավորության մասին

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Արցախի վերադարձը Հայաստան, Պեգովը նշեց, որ հայկական կողմը կարող է վրեժ լուծել Ղարաբաղում, եթե պատրաստվի փոփոխվող պայմաններին և ապագայի պատերազմին:

«ԱՅՍ ԿԱԽՎԱԾ Է ՄԻԱՅՆ այն բանից, թե ինչպես այժմ կվարվի ռազմական էլիտան, ոչ այնքան անցյալ սերունդների, որը 27 տարի առաջ հաղթել է պատերազմում, այլ իմ սերնդի», - ասաց Պեգովը:

Ըստ նրա, վրեժխնդրությունը հնարավոր է, եթե ռազմական նոր սերունդը կարողանա համախմբվել: «Պատերազմները փոխվում են: Եթե նոր ռազմական էլիտան կարող է համախմբվել, ապա ինչու ոչ»,- ասաց Պեգովը՝ ավելացնելով.«Նրանք պետք է հասկանան, որ պատերազմները փոխվում են, ժամանակի մարտահրավերները բոլորովին այլ են »:

Sputnik Արմենիայի նյութերով